Ռուսական զենքի վաճառքը Բաքվին. գործոններ, որ պետք է հաշվի առնել
Ապրիլյան պատերազմից հետո հանրային շրջանակներում առավել ակտիվացան քննարկումները Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու գործարքների վերաբերյալ: Ռուսական կողմից հնչող «արդարացումները» թերևս ամփոփվում են հետևյալ առանցքային թեզերի ներքո՝ «միայն բիզնես և ոչինչ ավելին», «եթե Ռուսաստանը չվաճառի, այլ երկրներ կվաճառեն» և այլն:
Ըստ էության, այս թեզերը բավական ընկալելի կլինեին, եթե դա վերաբերեր որևէ երրորդ երկրի, սակայն Ադրբեջանի պարագայում, որը բացահայտ Հայաստանին համարում է իր թիվ մեկ թշնամին, այդ հիմնավորումներն այդքան էլ համոզիչ չեն:
Ադրբեջանին ռուսական ռազմական տեխնիկայի վաճառքի մասին խոսելիս չպետք է մոռանալ մի քանի կարևոր գործոնների մասին.
Ռուսաստանից տարբեր տիպի զինատեսակների ձեռքբերումն ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունն ընկալում է նաև որպես այդ զինատեսակների կիրառման թույլտվություն Մոսկվայի դաշնակից Հայաստանի նկատմամբ: Ըստ էության, որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ում դեմ է զինվում Բաքուն և ով է լինելու ձեռք բերվող զենքերի հնարավոր թիրախը:
Ռուս-ադրբեջանական ռազմական գործարքների արդյունքում Բաքուն երբեմն ձեռք է բերում այնպիսի զինատեսակներ, որոնց համարժեք զինատեսակներ՝ թե´ տեխնիկական պարամետրերի, թե՛ խոցման ուժի առումով, ոչ բոլոր երկրներն են արտադրում, առավել ևս՝ վաճառում երրորդ երկրների: Ըստ էության, նրանք, ովքեր առաջ են տանում այն թեզը, որ եթե Ադրբեջանը զենքը Ռուսաստանից չգնի, կգնի մեկ այլ երկրից, այդքան էլ օբյեկտիվ չեն:
Մոսկվայի և Բաքվի գործարքներն ունեն նաև հոգեբանական բաղկացուցիչ: Երբ սահմանին կանգնած հայ զինծառայողը գիտակցում է, որ իր վրա կրակում են ռուսական զենքով, դա, իհարկե, չի կարող հետք չթողնել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ նրա ընկալումներում: Թերևս, ինչ-որ առումով, նաև սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ հանրային որոշ շրջանակներ որոշակի անվստահությամբ են նայում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին:
Գործոնների այս ցանկը կարելի է շարունակել, սակայն առավել կարևոր է, որ այս ամենն ընկալեն բոլոր կողմերում, առաջին հերթին՝ Ռուսաստանում: Անշուշտ, զենք վաճառելը ցանկացած երկրի սուվերեն իրավունքն է, սակայն տնտեսական շահին առաջնություն տալը երբեմն ստեղծում է ավելի լուրջ խնդիրներ, որոնց հաղթահարման համար առավել մեծ ջանքեր են անհրաժեշտ: Ի վերջո, չպետք է մոռանալ ռուս մեծ դասականի՝ Չեխովի խոսքերը՝ «եթե առաջին ակտում պատից զենք է կախված, ապա վերջինում այն անպայման կկրակի»…