Բաթումում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ, այդ թվում, 11 ոստիկան և մեկ պատգամավոր:
Ինչպես հաղորդում է «Բի-բի-սի»-ն` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կոչ է արել քաղաքի բնակիչներին և ոստիկանությանը հանգստություն պահպանել` իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար:
Նշվում է, որ բնակիչների ինքնաբուխ բողոքի ակցիան ծագել է այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցները տուգանել են վարորդին երթևեկության կանոնները խախտելու համար, որին էլ հետևել է վերջինիս ձերբակալությունը;
Ոստիկանության աշխատակիցների խոսքով` վարորդը կտրականապես հրաժարվել է վճարել տուգանքը:
Վարորդին աջակցել են տեղի բնակիչները, ովքեր ծեծկռտուք են սկսել ոստիկանների հետ: Ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար վեց մարդ է ձերբակալվել:
Տեղի ունեցած միջադեպից կարճ ժամանակ անց քաղաքի մեկ այլ մասում Աջարիայի ներքին գործերի գլխավոր շենքի դիմաց մոտ հազար ցուցարար է հավաքվել, ովքեր, ըստ վրացական լրատվամիջոցների, պահանջել են պարեկային ոստիկանության նորանշանակ պետի հրաժարականը: Ցուցարարները պնդել են, որ նրա նշանակումից հետո ոստիկանությունը սկսել է վարորդներին տուգանել անհիմն խոշոր չափերով: