Մարտի 11-ին Երևանում կայացավ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի արտագնա նիստը, որի թեման էր՝ «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը համաշխարհային անկանխատեսելիության դարաշրջանում»: Միջոցառման շրջանակներում «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Վիտալի Նաումկինի հետ:
- Պարոն Նաումկին, ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստանի դերակատարումը սիրիական ճգնաժամում:
- Նախ, Ռուսաստանը, զորք մտցնելով Սիրիա, նպաստեց ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացմանը՝ առաջին հերթին հարվածներ հասցնելով ահաբեկիչների ենթակառուցվածքներին, նավթամթերքի մաքսանենգությանը, մարդկային ուժին: Երկրորդ, Ռուսաստանը շարունակում է մարդասիրական օգնության տրամադրումը, որն իրականացվում է ինչպես զինվորականների, այնպես էլ ռուսական քաղաքացիական կազմակերպությունների կողմից: Երրորդ, Հմեյմիմում կրկին զինվորականների կողմից ստեղծվել է հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը: Եվ վերջապես, հաջորդ փուլը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերից, երբ ստեղծվեց Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռյակը: Եվ ես հույս ունեմ, որ Աստանայում կայանալիք հաջորդ հանդիպումը կամրապնդի կրակի դադարեցման ռեժիմը և հիմք կդառնա քաղաքական կարգավորման համար:
- Բազմաթիվ քննարկումներ եղան Ռուսաստանի առաջարկած Սիրիայի նոր Սահմանադրության նախագծի շուրջ: Ո՞րն է նախագծի ներկայացման հիմնական նպատակը և ինչպե՞ս են դրան վերաբերվում սիրիական կողմերը:
- Սիրիայի Սահմանադրության ռուսական նախագծի հիմնական նպատակն է կողմերին դրդել՝ մտածել Սահմանադրության շուրջ: Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում:
Սիրիայում հակամարտող կողմերը տարբեր կերպ են ընդունում այս նախագիծը, այդ թվում նաև շատ քննադատական: Նրանք կարծում են, որ Սիրիայի Սահմանադրությունը պետք է մշակվի հենց սիրիացիների կողմից, և մենք էլ ենք դա ասում: Մենք չենք պարտադրում, մենք ընդամենն առաջարկում ենք մտածել շատ կարևոր հարցերի շուրջ. արդյո՞ք Սիրիան լինելու է աշխարհիկ պետություն, թե՝ ոչ, արդյո՞ք այն ապակենտրոնացված է լինելու, թե խիստ կենտրոնացված:
- Սիրիական հակամարտությունը շարունակվում է արդեն 6 տարի: Ինչո՞ւ, այնուամենայնիվ, չի հաջողվում կարգավորել այս հակամարտությունը, և կարելի՞ է արդյոք առաջիկա տարիներին դրական տեղաշարժ ակնկալել:
- Սա շատ դաժան հակամարտություն է, կողմերի միջև առկա է սուր առճակատում, երկիրը պառակտված է, և նման պայմաններում խաղաղ գործընթացը կարող է տարիներ տևել: Բայց այն սկսվել է, որոշակի քայլեր արվել են: Եվ, իհարկե, կարելի է սպասել կարգավորման: Բայց Սիրիայում մի կարևոր խնդիր կա՝ ահաբեկչության դեմ պայքարը: Այդ խմբավորումները դեռ երկար կքայքայեն բոլորի նյարդերը: