Աջակողմյան «Ազատություն կուսակցության» առաջնորդ Գիրթ Ուիլդերսը Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտենի հետ Հոլանդիայում ընտրությունների նախաշեմին ուղիղ եթերում բանավիճելու ժամանակ առաջարկել է արտաքսել թուրք դեսպան Սադըք Արսլանին:
Ինչպես հաղորդում է Ermenihaber–ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler» լրատվական կայքին հաղորդման ժամանակ Ուիլդերսը նշել է, որ աջակցում է կառավարության՝ սահամադրական փոփոխությունների օգտին Հոլանդիայում թուրք նախարարների քարոզչական ելույթներն արգելելու որոշմանը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ այդ որոշումը բավարար չէ, պետք է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել:
Նա առաջարկել է արտաքսել թուրք դեսպան Սադըք Արսլանին, ինչպես նաև քաղաքացիությունից զրկել կամ արտաքսել Հոլանդիայում բնակվող այն թուրքերին, որոնք համամիտ են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների հետ:
«Նրանք (Հոլանդիայի թուրքերը՝ խմբ.) Հոլանդիայի քաղաքացիներ չե՞ն: Եթե այո, պետք է նախագահ Էրդողանի հայտարարությունները մերժեն: Եթե առաջիկա օրերին պարզվի, որ նրանք աջակցում են Էրդողանի խելահեղ և կոշտ հայտարարություներն, ապա ես նրանց առաջարկում եմ Հոլանդիան լքել և գնալ Թուրքիա ու այլևս չվերադառնալ»:
Վարչապետ Ռյուտեն, անդրադառնալով թուրք-հոլանդական հարաբերություններում առաջացած լարվածությանը, նշել է, որ թուրքական կողմի ֆաշիստական հայտարարությունները, նացիստների հետ համեմատություններն անընդունելի են:
«Կարծում ենք, որ պետք է հրաժարվեն իրենց խոսքերից: Այն, որ թուրք նախարարին արտաքսեցինք, եզակի երևույթ էր: Չենք ցանկանում, որ իրավիճակն ավելի լարվի: Սակայն, եթե թուրքերը իրավիճակը սրեն, մենք ստիպված կլինենք պատասխանել»: