ԵՄ-Թուրքիա հարաբերությունները հերթական անգամ վատթարացման ակտիվ փուլ են մտել, և այս անգամ պատճառը ոչ միայն Թուրքիայում ժողովրդավարության պակասն է, այլև մի շարք ներեվրոպական բարդությունները։ Միգրացիոն ճգնաժամի ժամանակ կնքված գործարքը, որը ստիպեց ԵՄ-ին աչք փակել մի շարք հարցերի վրա, այլևս կորցրել է իր ազդեցությունը, և Էրդողանի սադրիչ քայլերը սկսել են պատասխան ստանալ։
Իսկ որո՞նք են Եվրոպայում Թուրքիայի նկատմամբ անհանդուրժողականության աճի հիմնական պատճառները:
Նախ, պետք է նշել, որ այս օրերին եվրոպական մի շարք երկրներում նախընտրական շրջան է, իսկ աջակողմյան ուժերը, որոնք հանդես են գալիս հակամիգրացիոն դիրքերից, ունեն հանրային բավականին լայն աջակցություն: Ուստի, խնդիր է առաջանում մեղմել այդ ազգայնական տրամադրությունները, ընդառաջ գնալ հանրային պահանջներին։ Դրա վառ դրսևորումը դարձավ իրենց երկրում թուրքական իշխանությունների քարոզչական միջոցառումների անցկացման արգելքը, որ սահմանվեց Գերմանիայի, Նիդեռլանդների կողմից: Հետաքրքիր է, որ այս ալիքի տրամաբանական շարունակությունը դարձավ Դանիայի վարչապետի «խնդրանքը» Թուրքիայի իր գործընկերոջը հետաձգել մարտի 20-ին նախատեսված այցը և սպասել ավելի հարմար պահի: Նշենք, որ Դանիան այն երկիրն է, որը մշտապես Թուրքիայի հետ առնչվող հարցերում չեզոքություն է պահպանել:
Երկրորդ, Եվրոպայում այսօր տիրող բավականին անհանգիստ իրավիճակում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներն առավել քան աչքի են զարնում: Հեղաշրջման փորձից հետո խոսքի ազատության սահմանափակումներ, բռնաճնշումներ, քրդերի դեմ իրականացվող գործողություններ, անգամ Եվրոպայի քաղաքացիների ձերբակալություն, սեփական իշխանությունն ուժեղացնելու համար սահմանադրական փոփոխությունների իրականացում. զարգացումներ, որոնց վրա Եվրոպան աչք է փակել, իսկ հիմա այս կերպ է արձագանքում՝ արգելելով Թուրքիայի իշխանություններին իրենց տարածքում քարոզչություն իրականացնել՝ ի նպաստ իրենց այս քաղաքականության շարունակման:
Երրորդ, հաշվի առնելով Ռուսաստանի հետ պահպանվող լարվածությունը, Թրամփի ընտրվելուց հետո ԱՄՆ հետ հարաբերություններում անորոշության առաջացումը, Brexit-ը և դրանից բխող տրամադրությունները, ահաբեկչական գործողությունները` Եվրոպան այսօր ինչ-որ հարցի շուրջ կոնսոլիդացվելու խնդիր ունի: Իսկ այսօրվա պայմաններում, երբ Թուրքիան իր գործողություններով, Եվրոպային ուղղված ամենաբարձր մակարդակով հնչող վիրավորանքներով (Թուրքիայի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի նախագահը, Գերմանիայի ու Նիդեռլանդների իշխանություններին անվանեցին «նազիստներ») նյարդայնացնում է Եվրոպային, հենց ինքն էլ դառնում է այն սուբյեկտը, որի դեմ հնարավոր է կոնսոլիդացվել:
Այսպիսով, կարելի է փաստել, որ Թուրքիա-Եվրոպա թվացյալ ջերմ հարաբերությունների միֆն աստիճանաբար ցրվում է, և անգամ միգրանտների գործարքը, որ ԵՄ-ն կնքեց Թուրքիայի հետ և որի կարևորությունը հաշվի առնելով՝ եվրոպական շատ երկրներ տուրք էին տալիս Թուրքիայի շանտաժներին, այսօր ի զորու չէ այլևս աշխատել ի օգուտ Թուրքիայի: