Այսօր լրանում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 96-ամյակը: Այս մասին հայտնում է Yerakouyn.com-ը:
1921-ի մարտի 15-ին` առավոտյան ժամը 10-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է 1915-ի հայոց ջարդերի կազմակերպիչներից Թալեաթին և ձերբակալվել։
Աղմկալից դատավարությունից հետո դատարանը հաստատեց, որ ահաբեկումի ենթարկված «զոհը»՝ Թալեաթն, իրականում զոհ չէր, այլ՝ դահիճ էր ու, ավելին, դահճապետ, որի ուսերին էր ծանրանում ամբողջ ժողովուրդ ցեղասպանության ենթարկած պետական հանցագործության ծանրագույն պատասխանատվությունը:
Երկուսուկես ամիս անց դատարանում գերմանացի փաստաբան դոկտոր Դիմայերն իր պաշտպանական ճառում ասել է. «Սողոմոն Թեհլերյանն ինքը չէր, որ փողոց կիջներ Թալեաթ փաշային սպանելու, իր մեջ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները:
Նա, կարելի է ասել, կտաներ իր առջև դրոշակը խոշտանգվածների, դրոշակն իր լլկված ընտանիքի»:
Իսկ դատավարության ժամանակ Թեհլերյանն ասել է. «Այո՛, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»:
Թեհլերյանի դատավարության արդյունքներին սրտատրոփ հետևել է համաշխարհային հանրությունը: Գերմանական դատարանը Թեհլերյանին անմեղ է ճանաչել:
«Պատվով ու խղճով վկայում եմ, որպես երդվյալների որոշում, մեղավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921-ի մարտի 15-ին Շառլոտենբուրգում մի մարդ` Թալեաթ փաշայի սպանելու մեջ:
-Ո'չ:»