Կարո Փայլան. Թուրքիայի ՆԳ նախարարն իր իրական դեմքը ցույց տվեց աշխարհին

16:14     20 մարտի, 2017

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Թուրքիայի Ժողովրդական դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը քննադատել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, որն օրեր առաջ սպառնացել էր Եվրամիությանը միգրացիոն նոր ճգնաժամով, փոխանցում է PanArmenian-ը:

Սոյլուն, քննադատելով Նիդերլանդների իշխանություններին Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայային երկրից վտարելու համար, հայտարարել էր. «Շատ են ուզում՝ մինչև հիմա չուղարկած սիրիացի և իրաքցի փախստականներից ամեն ամիս 15.000-ին ուղարկենք Եվրոպա, թող զարմանան»:

«Տես, այս արտահայտությունդ քեզ ամբողջ աշխարհի աչքում ֆաշիստ կդարձնի», - գրել է Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Նա նշել է նաև, որ այս քայլով Սոյլուն իր իրական դեմքը ևս մեկ անգամ ցույց է տվել աշխարհին:


© armedia.am