Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության արտահերթ համագումարի պատվիրակները քվեարկել են իրենց քաղաքական ուժի նախագահի պաշտոնում Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցի ընտրության օգտին։ Նա հավաքել է 100 տոկոս ձայն, ինչը ռեկորդային է կուսակցության ողջ պատմության ընթացքում։ Շուլցը պաշտոնում փոխարինել է Զիգմար Գաբրիելին և պաշտոնապես դարձել կանցլերի թեկնածու և Անգելա Մերկելի գլխավոր մրցակից:
Մարտի սկզբին անցկացված սոցհարցումների համաձայն՝ Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը վերջին 7 տարվա մեջ առաջին անգամ կորցրել է առաջատարի դիրքերը՝ զինջելով Սոցիալ-դեմոկրատներին՝ կանցլերի պաշտոնում Եվրախորհրդարանի նախկին նախագահի թեկնածությունն առաջադրելու շնորհիվ: Այսպես, սոցհարցումների համաձայն՝ սոցիալ-դեմոկրատներին աջակցում է ընտրողների 32 տոկոսը, իսկ իշխող կուսակցությանը՝ 31 տոկոսը:
Ինչ վերաբերում է Մերկելին և Շուլցին ընտրողների աջակցությանը, ապա նրանք հավասար ժողովրդականություն են վայելում: Սոցհարցումներն արձանագրում են Մերկելի և Շուլցի փոփոխական առավելությունը: Վերլուծաբանները կարծում են, որ Շուլցի ժողովրդականության աճի վրա ազդել է ինչպես Մերկելի միգրացիոն քաղաքականությունից ընտրողների հիմնական մասի դժգոհությունն, այնպես էլ աշխատանքի շուկայի և սոցիալական ոլորտի ռեֆորմները: Չնայած թեկնածուները դեռևս չեն ներկայացրել նախընտրական ծրագրերը, սակայն հայտնի է, որ Շուլցը մտադիր է շարունակել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի սկսած բարեփոխումների ծրագիրը:
Նշենք, որ Մերկելի միգրացիոն քաղաքականությանից գերմանացիների դժգոհությունը դրական է անդրադարձել նաև աջ պոպուլիստական «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցության վարկանիշի վրա: Սոցհարցումների համաձայն՝ այս կուսակցությունը ընտրողների 11 տոկոս աջակցությամբ այժմ երրորդն է նախընտրական պայքարում: Միևնույն ժամանակ «Ձախերի», «Կանաչների» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների վարկանիշները անփոփոխ են մնացել և կազմում են համապատասխանաբար 8, 8 և 6 տոկոսներ:
Հիշեցնենք, որ Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում ձևավորվում է կառավարությունը և առաջադրվում է կանցլերը, կայանալու են սեպտեմբերի 24-ին: