Սիրիայում և նրա շուրջ ընթացող գործընթացները շարունակում են մնալ միջազգային օրակարգում: Մարտի 14-15-ին Աստանայում կայացավ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջնորդությամբ սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների հերթական՝ երրորդ փուլը: Բանակցություններին որպես դիտորդ մասնակցում էին նաև ԱՄՆ-ի և Հորդանանի պատվիրակությունները: Այս անգամ, սակայն, միջնորդներին չհաջողվեց ապահովել սիրիական ընդդիմության պատվիրակության ներկայությունը: Ընդդիմադիր խմբավորումները հրաժարվեցին ժամանել Աստանա` սիրիական կառավարության պատվիրակության հետ բանակցելու՝ պատճառաբանելով, որ «զինված գործողությունների դադարեցման հետ կապված պայմանավորվածությունները չեն կատարվում», հայտնում է Մերձավոր Արևելքի ինստիտուտը:
Հասկանալի է, որ սիրիական ընդդիմության բացակայությունն Աստանայում լուրջ հարված է հասցրել միջնորդների դիրքերին, որոնք ամեն կերպ ջանում էին շեշտադրել, որ հենց իրենց է հաջողվել բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել հակամարտող կողմերին: Արդյունքում, սիրիական ընդդիմության բացակայությունը Թուրքիային ուղղված հարցեր է առաջացրել: Ռուսական կողմի կարծիքով «սիրիական ընդդիմության որոշումը պարտադրվել է դրսից»: Ավելին, Ռուսաստանը Թուրքիայի պատվիրակության առջև հարց է բարձրացրել նույն ընդդիմության պատվիրակության բացակայության խնդրի առնչությամբ, քանի որ իսկսզբանե ենթադրվում էր, որ հենց Թուրքիան է պատասխանատու ընդդիմության մասնակցության համար: Ինչ վերաբերում է սիրիական կառավարության դիրքորոշմանը, ապա սիրիական պաշտոնական պատվիրակության կարծիքով ընդդիմության բացակայության համար մեղավոր է թուրքական կողմը:
Բանակցող հիմնական կողմերից մեկի բացակայությունը, սակայն, չի խանգարել միջնորդներին անել այն, ինչին էլ, ըստ էության, առաջին հերթին միտված է Աստանայի գործընթացը, այն է՝ սեփական դիրքերի ամրապնդումը՝ որպես բանակցային գործընթացի միջնորդ և տեղում զինադադարի երաշխավոր: Աստանայի հանդիպման արդյունքում Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը համատեղ հայտարարություն են ընդունել՝ վերահաստատելով իրենց պատրաստակամությունն ամրապնդել Սիրիայում հրադադարի ռեժիմը: Բացի այդ, Իրանը փաստաթուղթ է ստորագրել՝ պաշտոնապես դառնալով Սիրիայում հրադադարի ռեժիմի երաշխավոր (նման կարգավիճակ ունեն նաև Թուրքիան և Ռուսաստանը): Աստանայում բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել մայիսի 3-4-ին:
Հատկանշական է, որ օրեր առաջ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Վիտալի Նաումկինն «Արմեդիա» ՏՎԳ-ին տված հարցազրույցում հույս էր հայտնել, որ «Աստանայում կայանալիք հանդիպումը կամրապնդի կրակի դադարեցման ռեժիմը և հիմք կդառնա քաղաքական կարգավորման համար»: Աստանայի հանդիպման արդյունքները, սակայն, այս պահին դեռևս թույլ չեն տալիս խոսել քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ հիմքի ստեղծման մասին: