Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Հիսուս Քրիստոսի գերեզմանը վերանորոգման աշխատանքների ավարտից հետո մարտի 22-ին բացվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, ելույթ ունենալով բացման արարողության ժամանակ, շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին, կառավարություններին ու անհատներին, որոնք բարոյական ու ֆինանսական աջակցություն են ցուցաբերել գերեզմանի վերանորոգման աստվածահաճո գործում: Պատրիարքը խնդրել է թույլ տալ Հայ առաքելական եկեղեցուն ամեն տարի մեկ անգամ պատարագ մատուցել Քրիստոսի դամբարանում: Արարողության ժամանակ Մայր Աթոռի ներկայացուցիչն ընթերցել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը: Սուրբ Հարության տաճարում հնչել է հայկական հոգևոր երաժշտությունը:
Սուրբ Գերեզմանը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից է, որտեղ խաչելությունից հետո ամփոփվել է Հիսուս Քրիստոսը: Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության և մի շարք այլ սրբավայրերի վրա 4-րդ դարում Բյուզանդիայի կայսր Կոստանդինոս Մեծը կառուցեց Սուրբ Հարության տաճարը: Նախորդ տարվա մայիսին Սբ. Գերեզմանի իրավատեր երեք եկեղեցիների՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, Հունաց պատրիարքարանի և Կաթոլիկ եկեղեցու համատեղ որոշմամբ մեկնարկեցին Սուրբ Գերեզմանի վերանորոգման և վերականգնողական աշխատանքները: Դրանցում ներգրավված էին նաև հայ ճարտարապետները։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանը վերջին անգամ վերանորոգվել էր 1808թ.։