Ադրբեջանում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա կինը` Եկատերինան:
Կինը հայտարարել է, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հոդված են հրապարակել, որում ասվում է, թե Լապշինն առողջության հետ կապված որևէ բողոք չունի:
«Ինչպես արդեն հայտնել եմ՝ մարտի 17-ին Լապշինի հետ հեռախոսազրույցի ժամանակ նա բողոքել է առողջական վիճակի վատացումից: Իսկ մարտի 21-ի հեռախոսազրույցն ավելի լուրջ մտավախություններ է առաջացրել. բացի գլխացավից, որը վերջին օրերին դարձել է նրա մշտական «ուղեկիցը», երեկ երեկոյան քթից արնահոսություն է ունեցել: Հարցին, թե ինչ է այդ մասին ասում քննչական մեկուսարանի բժիշկը, նա պատասխանեց, որ, ընդհանուր առմամբ, ոչ մի բան: Ես, իհարկե, և՛ հյուպատոսարաններին, և՛ Կարմիր խաչին տեղեկացրել եմ այդ մասին, և չեմ կասկածում, որ նրանք անհրաժեշտ օգնություն կտրամադրեն»,- նշել է Եկատերինան: