Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը նամակով կոչ է արել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավիրած ժողովի ընթացքում կայացված որոշումներն ու հարգել համայնքային ընտրության արդյունքները:
Ինչպես հաղորդում է Թերթ.ամ-ը՝«Ակօս»-ում հրապարակված նամակում Բեկչյանը պահանջել է Աթեշյանից այլևս չօգտագործել «պատրիարքի փոխանորդ» սահմանումն իր անվան կողքին և հայտնել է, որ Թուրքիայից իր բացակայության ընթացքում պատրիարքի տեղապահի լիազորությունները նա վստահել է Եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որն էլ կկատարի դրանք:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Ստամբուլում գումարվել է Պոլսի հայոց պատրիարքարանի կրոնական ժողովը՝ պատրիարքի տեղապահ ընտրելու համար: Ընտրություններում 12 ձայնի առավելությամբ Պատրիարքի տեղապահ է ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: