«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Huffington Post-ի «Twitter Powerhouses Series» (ԱՄՆ) համահիմնադիր Շոն Գարդների հետ: Հարցազրույցն անցկացվել է Երևանում մարտի 21-22-ին կայացած Հաղորդակցության համաշխարհային ֆորում Դավոսի շրջանակներում: Ֆորումը Հայաստանում կազմակերպվել էր Հայաստանի PR ասոցիացիայի (APRA) կողմից:
- Պարոն Գարդներ, ի՞նչ եք կարծում, արդյոք սոցիալական մեդիան մեծ դեր է խաղում արտակարգ իրավիճակների կամ պատերազմական դրության ժամանակ:
- Սոցիալական մեդիան կապի առաջին գործիքն է աշխարհում: Այն շատ հզոր է: Այս տարածաշրջանն այդ առումով սենսացիայի ականատես կլինի առաջիկա 5 կամ 10 տարվա ընթացքում: Ինչ վերաբերում է սոցիալական մեդիայի դերին արտակարգ դրության կամ պատերազմի ժամանակ, ապա այն կարող է միավորել մարդկանց, սոցիալական մեդիայի շնորհիվ մարդիկ դառնում են ավելի կազմակերպված: Դուք կարող եք օգտագործել ինֆո-գրաֆիկա, տեղեկատվություն պաշտոնական կայքերից կամ պաշտոնական աղբյուրներից և տեղադրել դրանք սոցցանցերում:
Կա մի լավ հոդված, թե ինչպես կարող էր սոցիալական մեդիան ազդել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վրա: Այն պատմում է, թե ինչպես կարող էր սոցիալական մեդիան այդ ժամանակ միավորել մարդկանց, երբ քաոս էր տիրում, սարսափելի քաոս:
- Չե՞ք կարծում, որ արտակարգ իրավիճակների կամ պատերազմի ժամանակ որոշ սահմանափակումներ պետք է լինեն սոցիալական մեդիայի վրա, քանի որ շատ անգամ այն դառնում է խանգարող և խոչընդոտող գործիք:
- Նույնիսկ եթե լինեն սահմանափակումներ, մարդիկ կարող են օգտագործել VPN (Virtual Private Network): Երբ ես Չինաստանում էի, Google-ը, արևմտյան ԶԼՄ-ները, Instagram-ն ու Facebook-ը արգելափակվել էին, բայց մարդիկ կային, որ օգտագործում էին VPN: Այսպիսով, դուք իրականում չեք կարող արգելափակել սոցիալական մեդիան:
Այո՛, պատերազմական կամ արտակարգ դրության ժամանակ ես կցանկանայի, որ միայն ճշմարտությունը և հավաստի փաստերը հրապարակվեին, բայց դա այդպես չէ: Այո՛, ես կուզենայի տեսնել որոշակի վերահսկողություն, սակայն լիարժեք վերահսկում միևնույն է չի կարող լինել: