Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության ու Եվրամիության միջև նախաստորագրվեց «Համապարփակ և ընդլայնված համագործակցության»համաձայնագիրը: Բանակցությունների պաշտոնական ավարտից օրեր անց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, անդրադարձավ փաստաթղթի դեռևս ոչ հանրային բովանդակության որոշ տարրերին, այդ թվում` տնտեսական բաղադրիչին: Նազարյանը, մասնավորապես, նշեց ԵՄ հետ իրականացվող մի շարք ծրագրերի համատեքստում համագործակցության շարունակականության ապահովման շուրջ կողմերի պատրաստակամություն ի դեմս ՓՄՁ-ների զարգացմանը միտված «COSME» ծրագրին, գիտական համակարգի զարգացմանը միտված «Հորիզոն 2020»-ին, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին, ինչպես նաև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի բանակցություններին, որոնք նախատեսվում է մինչև այս տարվա վերջ ավարտին հասցնել:
Հաշվի առնելով, որ Փոքր և միջին ձեռնարկությունները տնտեսության շարժիչ ուժ հանդիսացող ոլորտներից են՝ անդրադառնանք հենց այդ ոլորտը սպասարկող «COSME» ծրագրին:
COSME- Competitiveness of Enterprises and Small and Medium-sized Enterprises Programme, ծրագրին անդամակացության պայմանագիրը կնքվել է 2015թ. դեկտեմբերի տասին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և Եվրոպական հանձնաժողովի անդամ, Եվրոպական հանձնաժողովի ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռնարկատիրության և ՓՄՁ հարցերով հանձնակատար Էլժբետա Բիյանկովսկայի միջև: Համաձայանգիրն ուժի մեջ է մտել 2016թ. հունվարի մեկից: Ծրագիրը ոււղված է ՓՄՁ ոլորտի զարգացմանն ու դրանց աջակցությանը մի շարք ուղղություններով (շուկաների հասանելիության ապահովում, ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովում, ձեռներեցության խթանում, ՓՄՁ-ների մրցակցության համար պայմանների բարելավում): Պետք է նշել, որ ծրագրի շուրջ կնքված համաձայնագիրը ենթադրում է վերոնշյալ գործառույթների իրականացում մինչև 2020թ.:
Կարեն Նազարյանի կողմից արդեն իսկ գործող ծրագիրը հիշատակելը բավական հետաքրքիր է: Նշենք, որ համաձայանգրի կնքման պահին Հայաստանի ծրագրին անդամակցել է հնարավոր երկու պայմաններից առաջինով, այն է՝ «մասնակի մասնակցություն (առանց ֆինանսական բաղադրիչի), որի մասնակցության տարեկան վճարը կազմում է շուրջ 78 հազար եվրո»: Նշենք, որ երկրորդ հնարավոր տարբերակը նշված ֆինանսական բաղադրիչի առկայությամբ տարբերակն է, որի պարագայում տարեկան անդամավճարը կազմում է 188 հազար եվրո:
Հետաքրքականն այստեղ այն է, որ առաջին տարբերակով հանդիսանալով ծրագրի անդամ՝ Հայաստանի համար գործել է ԵՄ 2015թ. ընթացքում մեկնարկող մեկ այլ` ԵՄ կողմից ֆինանսավորվող մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում նախատեսվում է COSME Ծրագրի անդամակցության վճարի համաֆինանսավորում մինչև 50% չափով` 3 տարի ժամկետով: Սա ենթադրում է, որ 2018թ. համաֆինանսավորման ժամկետը կլրանա: Չի բացառվում, որ ԵՄ նոր համաձայնագրի շրջանակում կամ կքննարկվի համաֆինանսավորման ծրագրի շարունակության կամ երկրորդ տարբերակով Հայաստանի՝ ծրագրին անդամակցության հարցը, ինչը կենթադրի նաև ֆինանսական բաղադրիչը:
Եվրամիության հետ նոր համաձայնագրի կնքումը ակտիվացնող գործոն կարող է հանդիսանալ նմանատիպ ծրագրերի համար, ինչը խթան կարող է հանդիսանալ ՓՄՁ-ների զարգացման համար: