Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած մոտեցումները իրատեսական չեն Ադրբեջանի պարագայում և հղի են անկանխատեսելի հետևանքներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին:
«Մենք էլ ենք կողմ խաղաղությանը, բայց դրան հասնելու ձև կա: Ադրբեջանի պես հարևան ունենալու պարագայում զինատյացությունը չի աշխատում, քանի որ այն ցեղասպան, հանցագործ պետություն է: Եթե մենք ուզում ենք խաղաղություն, մեկ ճանապարհ կա` լինել ուժեղ»,- ասաց նա:
Ըստ Դավիթ Բաբայանի` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ կա երկու հարց կա, որ միշտ եղել է, և դժվար է նույնիսկ տեսանելի ապագայում կանխատեսել, որ լինելու է շատ հեշտ և շուտափույթ համաձայնություն: «Կա երկու հարց` կարգավիճակը, այսինքն՝ Արցախի ճանաչումը Ադրբեջանի կողմից, և տարածքների հարցը։ Մյուս բոլոր հարցերը դրանց ածանցյալներ են: Այս երկու հարցի շուրջ չկա ընդհանուր պատկերացում և կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ:
Ինչ վերաբերում է առաջին նախագահի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը եթե պատրաստ չլիներ փոխզիջումների, չէր մասնակցի աշխատանքներին, նա ասաց. «Խնդիրներից մեկը Բաքվի ապակառուցողական քաղաքականությունն է, նա մասնակցում է բանակցությունների ոչ թե նրա համար, որ պատրաստ է փոխզիջման, այլ պարզապես այլընտրանք չունի»,-ասաց նա:
Реклама 15