Հայտնի ռուս երաժիշտ Լեոնիդ Ագուտինը ժամանել է Երևան. այստեղ նա իր «Էսպերանտո» խմբի հետ միասին հանդես կգա մեծ համերգով Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:
Ինչպես փոխանցում է Sputnik Արմենիա-ն` խոսելով հայկական երաժշտության իր ընկալման մասին՝ Ագուտինը նշել է հայ երաժիշտների տաղանդը:
«Հարցը միայն հայկական երաժշտության մեջ չէ, այլ հայ երաժիշտների տաղանդի, որոնք տարբեր, նաև այլ ազգերի երաժշտություն են կատարում: Դա ոչ միայն ազգային, այլ նաև համաշխարհային երաժշտություն է: Հայաստանում բազմաթիվ տաղանդավոր երաժիշտներ ծնվում են ջազային զգացողությամբ: Փոփում նույնպես տարբեր ուղղություններ կան, բայց ես ավելի շատ «ջազային կախվածություն ունեմ»», — ասել է նա՝ հավելելով, որ նա շատ հայ երաժիշտների գիտի, որոնց հետ հաճույքով է ընդհանուր լեզու գտնում:
Հարցին, թե ինչն է կապում երաժիշտին Հայաստանի հետ` վերջինս պատասխանել է. «Արյունակցական ոչ մի կապ, միայն՝ երաժշտական: Հայերը չափազանց զգացմունքային են և տաղանդավոր՝ արվեստի տարբեր ոլորտներում: Այն ոլորտներում, որոնք ինձ հետաքրքրում են կյանքում՝ թատրոն, ռեժիսուրա, սցենար և, իհարկե, երաժշտություն», — ասել է Ագուտինը` նշելով, որ հայերի տաղանդը բազմաշերտ է, հայերն այնպիսի բնատուր հնարավորություններ ունեն, որոնց կարելի է միայն նախանձել:
Լեոնիդ Ագուտինի և նրա «Էսպերանտո» խմբի համերգը կկայանա մարտի 26-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: