«Առաջին խաղակեսում վատ հանդես չեկանք, լավ էր, ուղղակի մեր գոլային պահերը չօգտագործեցինք: Երկրորդ կեսում հակառակը ստացվեց՝ մինչև գոլերը փոքր-ինչ պասիվ էինք, բայց հետո ստացվեց գոլ խփել, որն ամենակարևորն էր, իսկ հետո խաղի թելը մեր ձեռքում էր և կարողացանք այն ավարտին հասցնել»,-լրագրողների հետո զրույցում ասել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ անդրադառնալով Ղազախստանի հավաքականի հետ խաղին:
Ինչպես փոխանցում է Panorama.am-ը, Մխիթարյանը նշել է, որ միշտ հաճելի է տեսնել լեփ-լեցուն մարզադաշտ. «Մենք խաղում ենք նրանց համար, հաղթում ենք նրանց համար և ցանկություն ունենք, որ էլ ավելի շատ մարդ գա մարզադաշտ»:
Հարցին, թե կարող է ասել, որ արդեն լավ մարզավիճակում է, Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ երբեք իր մարզավիճակին ու խաղին գնահատական չի տալիս, քանի որ կարծում է՝ ֆուտբոլասերները պետք է գնահատեն. «Ես փորձում եմ անել հնարավոր ամեն բան հավաքականին օգնելու համար, լինում են դեպքեր՝ ստացվում են, լինում են դեպքեր՝ չեն ստացվում: Ամեն դեպքում չեմ կարող ես ինքս միշտ տանել հավաքականին իմ հետևից, տղաները պետք է կարողանան պատասխանատվություն վերցնել և կարողանան փոխարինել ինձ»:
Մարտի 26-ին Հայաստանի հավաքականը Երևանում աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հանդիպում է անցկացրել Ղազախստանի հավաքականի հետ՝ հաղթելով 2:0 հաշվով: