Թուրքիայում հայ երիտասարդների հիմնած «Նոր զարթոնք» նախաձեռնությունը կոչ է արել Թուրքիայի հայերին դեմ քվեարկել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
«Ակօս» շաբաթաթերթում հրապարակված հայտարարության մեջ «Նոր զարթոնքը» նշել է, որ Թուրքիան դարձել է բռնապետություն, որտեղ ընդդիմադիր պատգամավորները կալանավորվում են, լրագրողներն ու գիտնականները կամ ձերբակալվում կամ ազատվում են աշխատանքից, ընդդիմադիր թերթերը, ռադիո և հեռուստաալիքներն ու կայքերը փակվում են, մարդիկ բանտ են նետվում սոցցանցերում մեկնաբանություններ գրելու պատճառով, փոխանցում է Ermenihaber-ը:
Նշվում է նաև, որ 2016թ.-ի ընթացքում Թուրքիայում մեկ անձի հրամանով տասնյակ քրդական քաղաք է ավերվել, հազարավոր մարդիկ տեղահանվել են, հարյուրավորները՝ սպանվել:
«Ապրիլի 16-ին անցկացվելիք հանրաքվեին մենք՝ հայերս, «ո՛չ» ենք ասում ռասիստական, կրոնական և միահեծան բռնապետական վարչակարգին, որ ցանկանում են հաստատել:
«Ո՛չ» ենք ասում ամեն պատեհ առիթով Հայոց ցեղասպանությունը ժխտող և մեզ անդադար օտարելու հաշվին հասարակության մեջ բևեռացումը խորացնելով իշխանությունն ամրապնդել ցանկացողներին»,- նշված է հայտարարության մեջ:
Նրանց խոսքով՝ ապրիլի 16-ը կարող է դառնալ այդ խավար շրջանից դուրս գալու սկիզբը:
«Մենք՝ հայերս, հավասարության, ազատության, խաղաղության և արդարության պահանջը բարձրացնելու, ԱԶԿ-ի քաղաքականությանը պատասխան տալու համար գնանք քվեարկության և «Ո՛չ» ասենք»: