Իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ, որոնցից 23-ն արդեն վարույթ է ընդունվել, փոխանցում է tert.am-ը:
Tert.am-ի հետ զրույցում իրավաբան-իրավապաշտպան խմբի անդամ Արա Ղազարյանն ասաց, որ խմբի համար անսպասելի է եղել ՄԻԵԴ-ի նման արագ արձագանքը. «Մեզ համար բավականին անսպասելի էր, որ ՄԻԵԴ-ը արագացված կարգով սկսեց այդ երկու տասնյակ գործերի քննությունը, ինչը շատ դրական է: Հիմա սպասում ենք ավելի մեծ խմբաքանակի, որը վերաբերում է տեղահանվածների վերաբերյալ գանգատների մասով ՄԻԵԴ-ի դիրքորոշմանը՝ գործի քննությունը սկսելու կամ չսկսելու վերաբերյալ»:
Իրավաբան-իրավապաշտպան խմբի անդամ Արտակ Զեյնալյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության միջազգային մեխանիզմ՝ ՄԻԵԴ-ից ակնկալվում է իրավունքների խախտման փաստի արձանագրում, որի դեպքում Ադրբեջանը պարտավոր կլինի արդարացի փոխհատուցում տրամադրել իրավունքի խախտման զոհերին:
Նշվում է, որ ընդդեմ Հայաստանի գանգատներ ներկայացրել է նաև ՄԻԵԴ-ում Ադրբեջանի շահերը ներկայացնող Չինգիզ Ասքերովը: Այդ դիմումների քանակը հասնում է 700-ի, սակայն դեռևս վարույթ է ընդունվել 5-ը: