Ռուսաստանի պատվիրակ Յուլյա Սամոյլովայի` «Եվրատեսիլ — 2017»-ից հեռացնելը կարող է մրցույթի անցկացման վայրի փոփոխման պատճառ դառնալ: Այս մասին Նորությունների ազգային ծառայության հետ հարցազրույցում հայտարարել է ռուս պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն:
Պրիգոժինի կարծիքով` այլ տարբերակ էլ կա` «Եվրատեսիլ — 2017»-ն անցկացնել հաջորդ տարի կամ տեղափոխել մեկ այլ երկիր։
««Եվրատեսիլը» կարելի է անցկացնել Հայաստանում, Ադրբեջանում կամ որևէ այլ տեղ։ Դա պետք է հիմնավորվի այն հանգամանքով, որ Ուկրաինայի քաղաքական համակարգը չի կայացել կամ ուկրաինական իշխանությունը ի վիճակի չէ մասնակիցների և հյուրերի անվտանգությունն ապահովել իր երկրի տարածքում։ Ու նաև որպես բողոքի նշան, որ նրանք մրցույթից հեռացրել են Ռուսաստանի մասնակցին` սահմանափակ կարողությունների տեր աղջկան», — ասել է Պրիգոժինը։
Նրա կարծիքով` Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչները պետք է ներողություն խնդրեն մրցույթի մասնակիցներից, այդ թվում «Եվրատեսիլի» նախորդ տարվա հաղթողից։
Ուկրաինան Յուլյա Սամոյլովային արգել է մասնակցել մրցույթին` պատճառաբանելով, որ նա 2015 թվականին եղել է Ղրիմում։
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է, որ ռուս պատվիրակը կարող է ելույթ ունենալ արբանյակային կապի միջոցով, այսինքն` Սամոյլովան կերգի Մոսկվայում, բայց նրան կտեսնեն ամբողջ աշխարհում։