Washington Post. ՀՀԿ առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանի ուժն առաջատարն է. միջազգային լրատվամիջոցների արձագանքը

13:13     2 ապրիլի, 2017

Այսօր մեկնարկած ՀՀ խորհրդարանական ընտրությունները միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Հայնտի պարբերականների և լրատվակայքերի հաղորդմամբ`  ապրիլի 2-ին մեկնարկած ընտրությունները կենան անկյունաքարային նշանակություն Հայաստանի համար:

Armenpress լրատվականը ներկայացնում է Russia Today, Washington Post, Al-Jazeera, Daily Star  պարբերականների և լրատվակայքերի անդրադարձը ՀՀ ԱԺ ընտրություներին:

Russia Today լրատվականի հաղորդմամբ՝ 2015 թվականի դեկեմբերին իրականացված Սահմանադրական հանրաքվեի փոփոխություններով՝ Հայաստանի ներկայիս առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանը կդառնա վերջին նախագահը, ով ընտրվել է ժողովրդական քվեարկության արդյունքում: «Հաջորդ տարի նրա պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո երկրի արարողակարգային ղեկավարին կնշանակի խորհրդարանը՝ օժտելով նրան ներկայացուցչական իշխանությամբ: Խորհրդարանը կընտրվի 5 տարի ժամկետով և կդառնա հանրապետության հիմնական իշխանությունը»:

Washington Post պարբերականը նշում է, որ այսօր տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունները առաջինն են 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո: «Քվեարկությունից առաջ անցկացված հարցումները վկայում են, որ ՀՀԿ առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանի ուժն առաջատարն է, իսկ երկրորդ տեղում նրան հաջորդում է Հայաստանի ամենահարուստ գործարարներից Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքը »:

Al-Jazeera լրատվականը հաղորդում է, որ հիմնական մրցակցությունը ՀՀ ԱԺ ընտրություններին կընթանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցության և բազկամարտի նախկին չեմպիոն Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքի միջև: «Այս ընտրություներն առանցքային ժողովրդավարական թեստ են փոքր, 2.9 միլիոնանոց բնակչություն ունեցող, ցամաքով շրջապատված ժողովրդի համար, որի պատմության մեջ չի եղել քվեարկության միջոցով իշխանության փոխանցում ընդդիմությանը »:

Լիբանանյան Daily Star պարբերականի հաղորդմամբ՝ ՀՀ խորհրդարանական ընտրություններն անկյունաքարային են լինելու:

Armenpress-ի տեղեկացմամբ՝ ՀՀ խորհրդարանական ընտրություններին անդրադարձել են նաև գերմանական Deutsche Welle, ամերիկյան Business Standard-ը և այլ լրատվամիջոցներ:


© armedia.am