Մարտի 28-ից ապրիլի 1-ը ՀԱՅ ԱՐՏ մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն. պատերազմի անտեսանելի կողմը» խորագրով գրքի և ֆոտոպատմությունների շնորհանդեսը:
Շնորհանդեսը տեղի է ունեցել «Լրատվամիջոցների և արվեստի միջոցով ընդգծելով կանանց դերը խաղաղաշինության և հակամարտության կարգավորման հարցում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Սևծովյան տարածաշրջանային համագործակցության կողմից և իրականացվել է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կողմից:
Ծրագրի շրջանակներում 5 լրագրողներ և լուսանկարիչներ հնարավորություն են ստացել մեկնելու Արցախ և պատրաստելու 5 հոդված և ֆոտոպատմություն Արցախում բնակվող, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող և դրանք հաղթահարող կանանց մասին՝ ներկայացնելով հակամարտության վերաբերյալ նրանց դիրքորոշումն ու խաղաղության մասին պատկերացումները:
Գիրքը, որ հրատարակվել է այցի արդյունքում, ներառում է 5 պատմություններ՝ հետևյալ վերնագրերով և թեմաներով.
«Պատերազմ ոչ խաղաղություն. չկետադրված կյանքեր» – կանանց պատմություններ, ովքեր անմիջապես մասնակցել են ռազմական գործողություններին:
«Բժիշկի չդիմելու «մշակույթ» Արցախի կանանց շրջանում, պատերազմական իրավիճակի հետևա՞նք, թե ամո՞թ». առողջական խնդիրներ ունեցող կանանց պատմություններ:
«Արցունքներն աչքերին նրանք ժպտում են…». կանանց պատմություններ, ովքեր անցել են պատերազմի արհավիրքով, սակայն կարողացել են հաղթահարել դրանք և ունեցել են մասնագիտական հաջողություններ:
«Քառորդդարյա սպասում. անհայտ կորածների մայրերն ու կանայք խաղաղություն են պահանջում». կանանց պատմություններ, ում զավակները պատերազմի հետևանքով անհետ կորել են:
«Ուրախ «կամանդը» կամ կին սակրավորները ». կին սակրավորների պատմություններ:
Միջոցառման առաջին և վերջին օրը ցուցահանդեսի մասնակիցների քվեարկության, ինչպես նաև ժյուրի ձայների արդյունքում ծրագրի շրջանակներում լավագույն պատմություն է ճանաչվել «Քառորդդարյա սպասում. անհայտ կորածների մայրերն ու կանայք խաղաղություն են պահանջում» պատմությունը և «Ուրախ «կամանդը» կամ կին սակրավորները» պատմության ֆոտոպատմությունը: