Ռուսաստանը շարունակում է մնալ արցախյան հակամարտության կարգավորման ակտիվ մասնակից: Այս մասին հայկական «Новое время» թերթում տպագրված իր «Ռուսաստան-Հայաստան. բարեկամության և վստահության բազմադարյան ավանդույթներ. դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին ընդառաջ» հոդվածում գրել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ օգնում ենք կողմերին հասնել հակամարտության կայուն հաղթահարմանը: Այս խնդրի լուծմանն է նվիրված եղել նախորդ տարի Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ գագաթնժողովը Սանկտ-Պետերբուրգում»,- գրել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով. «Շատ հարցերի շուրջ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել. մնացել են մի քանի հարցեր, որոնք ամենաբարդն են: Սակայն ակնհայտ է, որ աշխատանքի արդյունքները կախված են առաջին հերթին երկու կողմերի քաղաքական կամքից, ճկունություն և փոխզիջումային որոշումներ կայացնելու նրանց պատրաստակամությունից»: