Ամերիկացի դեռահաս Սանտոս Կոլոնը (Նյու Ջերսի) խոստովանել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմ մահափորձ է փորձել կազմակերպել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Արդարադատության նախարարության մամլո ծառայությունը։
Նշվում է, որ դեռահասը պատրաստվել է պապի վրա «Իսլամական պետության» անունից հարձակում իրականացնել 2015 թվականի սեպտեմբերին Ֆրանցիսկոսի՝ Ֆիլադելֆիա այցի ժամանակ։
Արդարադատության նախարարության տվյալներով՝ Կոլոնը, ով այդ պահին եղել է ընդամենը 15 տարեկան, ցանկացել է օգտվել դիպուկահարի ծառայություններից։ Նա կապ է հաստատել մի մարդու հետ՝ կարծելով, որ նա դիպուկահար է, սակայն վերջինս եղել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ծպտյալ աշխատակից։
Բացի այդ, Կոլոնը մտադիր է եղել պայթյուն իրականացնել քահանայապետի սպանության ենթադրյալ վայրից ոչ հեռու։
Դեռահասը ձերբակալվել է 2015 թվականին։ Նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում և 250 հազար դոլար տուգանք։