ՀՀ եվրաինտեգրման առաջընթացը գնահատելու և տարածաշրջանի այլ երկրների հետ ընտրական գործընթացների որակը համեմատելու նպատակով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԱլԳ երկրներից Մոլդովայում և Վրաստանում տեղի ունեցած վերջին երկու համապետական ընտրությունների (Մոլդովայի նախագահական ընտրություններ 1-ին փուլ, 30.10.2016; Վրաստանի խորհրդարանական ընտրություններ 1-ին փուլ, 08.10.2016) վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական եզրակացությունների զեկույցները՝ համեմատական վերլուծության տեսքով:
Նկատենք, որ Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությունը հանդիսանում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ աշխատանքի արդյունքը: Գնահատումն իրականացվել է պարզելու համար ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների չափանիշներին:
Ստորև ներկայացնում ենք համեմատական վերլուծությունը:
Կարող եք ծանոթանալ նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցները Հայաստանի և ԱլԳ երկրների ընտրությունների վերաբերյալ համադրական տեղեկանքին՝ ներբեռնելով համապատասխան աղյուսակն այստեղ:
Ընդհանրական համեմատություն
Թե′ Մոլդովայում, թե′ Վրաստանում և թե′ Հայաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ տրված նախնական գնահատականներում խոսվում է մարդկանց հիմնարար ազատությունների հարգման մասին, սակայն, եթե Հայաստանի և Վրաստանի դեպքում խոսվում է հիմնարար ազատությունների «հիմնականում» հարգված լինելու մասին, Մոլդովայի դեպքում «հիմնականում» բառը բացակայում է: Վրաստանի և Հայաստանի պարագայում ընդգծվում է ընտրությունների լավ կազմակերպված լինելու հանգամաքը, ինչը չի արվում Մոլդովային տրված գնահատականում: Փոխարենը Վրաստանում և Մոլդովայում անցկացված ընտրությունները համարվում են «մրցունակ»՝ արտահայտություն, որը բացակայում է Հայաստանի դեպքում: Որպես ընտրության գործընթացը խաթարող գործոններ՝ Հայաստանի դեպքում խոսվում է ձայների գնման, քաղծառայողների և մասնավոր ձեռնարկությունների աշխատողների վրա գործադրված ճնշումների, ինչպես նաև հանրային վստահության ընդհանուր պակասի մասին: Վրաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցում նշված է ապօրինի քարոզչության և բռնության որոշ միջադեպերի մասին, իսկ Մոլդովայի դեպքում՝ վարչական ռեսուրսների չարաշահման, ԶԼՄ-ների կողմից ընտրական քարոզարշավի ոչ հավասարակշիռ լուսաբանման մասին:
Ստորև փորձենք շարունակել համեմատությունն՝ անդրադառնալով զեկույցներում տեղ գտած առանձին բաժինների համեմատական վերլուծությանը:
Ընտրությունների օր և քվեների հաշվարկ
Հայաստանի և Մոլդովայի ընտրությունների վերաբերյալ զեկույցներում նշվում է, որ ընտրություններն անցել են հանգիստ: Վրաստանի դեպքում հանգիստ բառը բացակայում է և խոսվում է առկա լարվածության և բռնություններով ուղեկցված վեճերի մասին: Վրաստանի և Մոլդովայի պարագայում նշվում է, որ «ընտրություններն անցել են պատշաճ ձևով», արտահայտություն, որը բացակայում է Հայաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցում: Վրաստանի և Մոլդովայի պարագայում դրական է գնահատվում քվեարկության գործընթացը, սակայն, ի տարբերություն Մոլդովայի, Վրաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցում նշվում է «գրեթե բոլոր ընտրատղամասերում»: Հայաստանի դեպքում նշվում է, որ քվեարկության ընթացակարգերն ընդհանուր առմամբ պահպանվել են և քվեարկողների ավտոմատացված սարքերը (VADs) գործել են արդյունավետ: Որպես բացասական կողմ՝ Վրաստանի դեպքում խոսվում է մի շարք ընտրատեղամասերի աշխատանքում իրականացված չլիազորված միջամտության մասին: Հայաստանի պարագայում խոսվում է ընտրատեղամասերում կուտակումների, գոյացած հերթերի և կուսակցության ներկայացուցիչների և ոստիկանության միջամտության մասին: Բայցի այդ, նշվում է, որ ընտրողները դժվարություններ են ունեցել քվեարկության գործընթացը հասկանալու հարցում, եղել են խմբակային քվեարկության դեպքեր և ընտրողների վրա ազդեցություն գործելու փորձեր: Մոլդովայի դեպքում այս հարցում որևէ բացասական կողմ չի առանձնացվում:
Ինչ վերաբերում է քվեների հաշվման գործընթացին, ապա Հայաստանի դեպքում գործընթացը գնահատվում է որպես թափանցիկ, մինչդեռ Մոլդովայի և Վրաստանի պարագայում չկա նման գնահատական և խոսվում է ընթացակարգային խախտումների (Մոլդովա) և ընթացակարգային խնդիրների և գրանցված լարվածության մասին (Վրաստան): Որպես բացասական կողմ՝ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցում խոսվում է կուսակցության ներկայացուցիչների միջամտության և ընթացակարգային բացթողումների մասին:
Իրավական դաշտ
Մոլդովայի դեպքում նշվում է, որ իրավական շրջանակը ապահովում է ադեկվատ հիմք ժողովրդավար ընտրություններ իրականացնելու համար: Վրաստանի պարագայում նշվում է, որ իրավական շրջանակը նպաստում է ժողովրդավար ընտրությունների անցկացմանը: Հայաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցում նշվում է, որ իրավական շրջանակը համընդգրկուն է, բայց բարդ:
Հայաստանի պարագայում, որպես բացասական կողմ նշվում է, որ թեպետ Ընտրական օրենսգիրքն ընդունվել է ավելի քիչ, քան մեկ տարի առաջ և հաշվի է առել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի որոշ դիտարկումներ, օրենսգրքի որոշ դրույթներ արժանի են հետագա դիտարկման: Բացի այս նշվում է, ոչ Ընտրական օրենսգրքի վերջնական տեքստը չի հաստատվել ՔՀԿ-ների կողմից, քանի որ այն պարունակում էր սահանափակումներ քաղաքացի դիտորդների համար:
Վրաստանի պարագայում, խոսվում է ընտրական օրենսդրության որոշ փոփոխությունների մասին, որոնցով հաստատվել է նոր ընտրատարածքների սահմանները՝ նպատակով հարգել ընտրական իրավունքի հավասարության սկզբունքը: Այնուամենայնիվ, զեկույցը փաստում է, որ դեռևս կան որոշ շեղումներ և կատարված փոփոխությունները չեն տրամադրում բավարար չափորոշիչներ՝ սահմանների հստակեցման համար:
Մոլդովայի դեպքում, նշվում է, որ Ընտրական օրենսգիրքն արագացված կերպով նորացվել է՝ ընտրություններում իրավական հիմք հանդիսանալու համար: Սակայն չնայած ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի և Եվրոպայի խորհրդի կողմից արտահայտված որոշ մտահոգությունների, մի շարք բացթողումներ և անորոշություններ դեռևս մնում են:
Թեկնածուների և ընտրողների գրանցում
Ընտրողների գրանցման գործընթացը հիմնականում վստահություն է վայելել (Մոլդովա) և շահագրգիռ կողմերի մոտ վստահության աճ է գրանցվել ընտրողների ցուցակների ճշգրտության հարցում (Վրաստան): Հայաստանի դեպքում նշվում է, որ ընտրողների ցուցակների ճշգրտությունը բարելավել է ընդլայնված միջգերատեսչական համագործակցության արդյունքում: Մոլդովայի պարագայում, որպես բացասական կողմ՝ խոսվում է ընտրողների ցուցակներում մեծ թվով արտերկրում բնակվող ընտրողների, ինչպես նաև մահացածների անունների ընդգրկման մասին: Վրաստանի դեպքում թեպետ ասվում է, որ իրավական փոփոխությունները հանգեցրել են ընտրողների գրանցման գործընթացի դյուրացման, դրանք չափազանց ուշ են իրականացվել, ինչն ազդել է գործընթացի արդյունավետության վրա: Հայասանի ընտրությունների վերաբերյալ զեկույցում նշվում է, որ թեպետ օրենքում առկա են բավարար մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս ընտրողներին պահանջել ճշգրտումներ, ընտրողների ցուցակներում կային հասցեներ, որտեղ մեծ թվով ընտրողներ են գրանցված:
Ինչ վերաբերում է թեկնածուների գրանցման գործընթացին, ապա Մոլդովայի և Վրաստանի դեպքում նշվում է, որ ընտրողները կարող էին ընտրություն կատարել քաղաքական այլընտրանքների (Մոլդովա), մրցակիցների (Վրաստան) լայն շրջանակից: Հայաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցում նշվում է, որ ԿԸՀ համընդգրկուն գործընթացում գրանցել է 5 քաղաքական կուսակցություն և 4 դաշինքներ: Բոլոր երեք երկրների դեպքում նշվում է թեկնածուների ցուցակում կանանց ներկայացվածության մասին, Հայաստանի դեպքում շեշտադրվում են նաև այն հանգամանքը, որ առաջին անգամ փոքրամասնություններին հնարավորություն է տրվել ունենալու չորս նախապես ամրագրված տեղ, թեպետ, որոշ կուսակցություններ փոքրամասնության ներկայացուցիչ թեկնածու գտնելու հարցում դժվարություններ են ունեցել:
Համեմատական հոդվածի առաջին բաժնում անդրադարձել էինք զեկույցում տեղ գտած հետևյալ մյուս բաժինների համեմատությանը՝ ընտրությունների կազմակերպում, քարոզարշավ, ԶԼՄ ծածկույթ, դիմումներ և բողոքներ: