Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Սաուդյան Արաբիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է միապետության թագաժառանգ, փոխվարչապետ և պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նախատեսվում է նաև Հասանովի հանդիպումը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդի հետ:
Սաուդական միապետության և Ադրբեջանի հարաբերությունները սկսվել են Ադրբեջանի անկախացմամբ. Սաուդյան Արաբիան առաջիններից մեկն է ճանաչել Ադրբեջանի անկախությունը, և երկու երկրները համապատասխանաբար դեսպանատներ ունեն Բաքվում և Էլ-Ռիյադում: Մինչև վերջին տարիները երկու երկրների հարաբերությունները աչքի չէին ընկնում իրենց «ջերմությամբ», թեև ընդհանուր առմամբ բնականոն բնույթ էին կրում: Իսկ վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում էական առաջընթաց է գրանցվել: Ընդհանուր առմամբ, շեշտը դրվել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վրա: Ավելին, ինչպես ադրբեջանցի վերլուծաբանները հաճախ սիրում են հիշեցնել, «Սաուդյան Արաբիան Ադրբեջանը համարում է իր հիմնական գործընկերը տարածաշրջանում»:
Ոմանք ադրբեջանա-սաուդական հարաբերությունների խորացումը բացատրում են իսլամական աշխարհում առաջատարի դիրքերի համար պայքարում շիական Իրանի և սուննիական Սաուդյան Արաբիայի վաղեմի մրցակցությամբ, ինչն էլ դրդում է միապետությանն ավելի խորացնել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ փորձելով հակազդել իրանական ջանքերին և կանխել շիական ճամբարում Ադրբեջանի ակտիվացումը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը «ռեսուրսային» երկիր է համարվում:
Այս տեսակետն, իհարկե, ավելի քան տրամաբան ական և ընդունելի է, բայց ոչ ամբողջական: Վերջին տարիներին երկու երկրները զգալի ջանքեր են գործադրել «իսլամական գործոնը» ադրբեջանա-սաուդական հարաբերությունների էական տարր դարձնելու համար: Թերևս պատահական չէ, որ վերջին տարիներին նրանց համագործակցությունն ավելի ակնհայտ է դառնում ռազմական ոլորտում և միջազգային ամենատարբեր կազմակերպությունների շրջանակներում:
Չնայած ադրբեջանական կողմի պնդումներին առ այն, որ «Ադրբեջանը խաղաղասեր երկիր է» և «զգալի ջանքեր է գործադրում տարածաշրջանում լարվածության թուլացման և բարիդիացիական մթնոլորտի հաստատման համար»՝ իրականում Բաքուն ամեն կերպ օգտագործում է իսլամական գործոնը իր ռազմական ներուժն ամրապնդելու և Ղարաբաղյան հակամարտության հարցում «իսլամական միասնություն» ձևավորելու համար:
Հասկանալի է, որ «իսլամական գործոնի» առաջմղման տեսանկյունից Բաքվի շահերն ավելի քան հատվում են Էլ Ռիյադի հիմնական քաղաքականության հետ, և պատահական չէ, որ Ադրբեջանն ու Սաուդյան Արաբիան սերտորեն համագործակցում են հատկապես իսլամական կազմակերպությունների շրջանակներում:
Հետևաբար, Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ Էլ-Ռիյադ կատարած այցից վստահորեն կարելի է ակնկալել երկու երկրների հարաբերությունների խորացում առնվազն երկու ուղղությամբ՝ ռազմական համագործակցություն և գործողությունների հետագա համակարգում իսլամական կազմակերպությունների շրջանակներում:
Սա, իհարկե, դեռ չի նշանակում, թե սաուդա-ադրբեջանական գործընկերությունն խորացումն անխոչընդոտ է ընթանալու: Վստահաբար կարելի է պնդել, որ այս հարաբերությունները չեն վրիպում նույն Իրանի ուշադրությունից, և թերևս պատահական չէ այն հանգամանքը, որ Ադրբեջանը փորձում է հնարավորինս զգույշ լինել հակաիրանական քայլեր ձեռնարկելիս: