ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկեն սիրիական Իդլիբում քիմիական զենքի կիրառման հետ կապված փոխզիջումային բանաձև նախագիծ՝ հիմնված արևմտյան և ռուսական առաջարկների վրա, հայտնում է Интерфакс-ը՝ ՄԱԿ-ում իր աղբյուրին հղումով:
Հիշեցնենք, որ Արևմուտքի՝ ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի առաջարկած բանաձևում խոսվում է Իդլիբում քիմիական զենքի կիրառման փաստի մասին, իսկ ռուսական կողմի առաջարկած բանաձևը ենթադրում է այդ միջադեպի առնչությամբ հետաքննություն սկսել:
«Գազային հարձակման» մասին հայտնի էր դարձել ապրիլի 4-ին։ Հաղորդվել էր, որ ինքնաթիռներն ընդդիմության կողմից վերահսկվող Խան-Շեյխուն քաղաքի վրա են գցել քիմիական զինամթերք, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 72 մարդ, տուժել՝ մոտ 200-ը։
Սիրիական ընդդիմությունն ու Արևմուտքի երկրները հարձակման մեջ մեղադրել են կառավարական զորքերի ավիացիային։ Դամասկոսում հայտարարել են, որ բանակը չի կիրառել և չի կիրառում քիմիական զենք մարտի դաշտում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին այս կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով, որ սիրիական օդուժը Խան-Շեյխունի շրջանում օդային հարվածներ է հասցրել ահաբեկիչների զինամթերքի պահեստների և զինտեխնիկայի վրա: Այդ պահեստի տարածքում եղել են թունավոր նյութերով լցոնված ֆուգասի արտադրամասեր: Քիմիական զենքով այդ խոշորագույն պահուստից զինամթերք էր մատակարարվում Իրաքի գրոհայիններին: Դրանց կիրառումն ահաբեկիչների կողմից բազմիցս ապացուցվել է ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ այդ երկրի պաշտոնական իշխանությունների կողմից», - նշել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կանաշենկովը:
Նշենք, որ Իդլիբում գազային այս հարձակումը լուրջ հարված է հակամարտության քաղաքական կարգավորմանը, որը վերջին շրջանում, կարծես թե, որոշակի առաջընթաց էր գրանցել: Մասնավորապես Վաշինգտոնը հայտարարել էր, որ այլևս չի պնդում Ասադի անհապաղ հեռացման վրա, և որ գործող նախագահի ճակատագիրը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը: Սա թերևս այն անկյունաքարային հարցերից է, որի շուրջ սիրիական հակամարտության կողմերը և նրանց հովանավորող ուժերը չեն կարողանում համաձայնության գալ: Թվում էր, թե ամերիկյան դիրքորոշման փոփոխությունն այս հարցում մոտ ապագայում իր դրական ազդեցությունը կունենա հակամարտության կարգավորման վրա, սակայն «Գազային հարձակումը» խառնեց բոլոր խաղաթղթերը: Այսպես, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Իդլիբի միջադեպը, նշել է, որ Ասադի նկատմամբ իր վերաբերմունքը կտրուկ փոխվել է, քանի որ վերջինս այդ հարձակումով հատել է «կարմիր գիծը»: Թե ԱՄՆ-ը Իդլիբի միջադեպից հետո ինչ քայլեր կձեռնարկի սիրիական կարգավորման գործընթացում, դեռևս պարզ չէ, սակայն ակնհայտորեն առաջիկա պայմանավորվածությունները կողմերի միջև ավելի բարդ են լինելու: