Եթե Իրանը չօգներ Ադրբեջանին, ապա հայերը Բաքուն էլ կվերցնեին: Այս մասին Azariha.org-ին տված հարցազրույցում նշել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին բարձրաստիճան զինվորական Մանսուր Հաղիղաթփուրը, ում նկատմամբ Ադրբեջանում քրեական գործ է հարուցված:
«Մենք ադրբեջանցիներին փրկեցինք, հակառակ դեպքում հայերը կարող էին նույնիսկ Բաքուն գրավել: Ադրբեջանը մինչ օրս Իրանին 30 միլիոն դոլար զենքի գումար է պարտք, բայց Իրանը շատ մեծահոգի է, երբե՛ք այդ հարցը չի բարձրացրել: Եթե հիմա Թուրքիան լիներ, կամ փողն էր վերցրել, կամ էլ, հարցը շահարկելով, տասն անգամ ավել շահույթ էր ստացել», զինվորաանի խոսքերը մեջբերում է panorama.am-ը:
Մասնուր Հաղիղաթփուրը Ադրբեջանի պաշտոնյաներին մեղադրել է անշնորհակալ լինելու համար. «Եթե Իրանը իմ միջոցով Ռովշան Ջավադովին մի ինքնաթիռ զենք չտրամադրեր, ապա հայերը այլ տարածքներ ևս կվերցնեին: Մենք այդ օրերին Բաքվում 6500 զինվորականի էինք վարժեցնում, բաքվեցիները դա կվկայեն»:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Մանսուր Հաղիղաթփուրն արցախյան պատերազմի ժամանակ եղել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ռազմական խորհրդականը: