«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց հասարակական գործիչ (Community Organizer) Քերեն Օլսենի հետ: Հարցազրույցն անցկացվել է Երևանում մարտի 21-22-ին կայացած Հաղորդակցության համաշխարհային ֆորում Դավոսի (WCFDavos) շրջանակներում: Ֆորումը Հայաստանում կազմակերպվել էր Հայաստանի PR ասոցիացիայի (APRA) կողմից:
- Ո՞րն է երիտասարդների հիմնական դերը հասարակական նախագծերի կազմակերպման և իրականացման գործում:
- Ես 50 տարեկան եմ, բայց իմ հոգին շատ ավելի երիտասարդ է: Ես հասկանում եմ, որ կա նոր սերունդ, որն իր արժեքներն ունի: Հենց նրանք են այսօր դառնում մեր առաջնորդները: Որպես ավագ սերունդ՝ մեր խնդիրն է օգնել նրանց առաջնորդել: Դա մեր սոցիալական պատասխանատվությունն է: Մենք պետք է լսենք նրանց և աշխատենք նրանց հետ: Մեր երիտասարդները մեր համատեղ ապագան են:
Ես վստահ եմ, որ պետք է հասարակության զարգացման ընդհանուր տեսլական մշակել և հասկանալ, թե որ ուղղությամբ ենք շարժվում, որն է մեր նպատակը: Ես, օրինակ, նպատակ ունեմ հասնել նրան, որ սահմանափակ հնարավորություններով մարդիկ մեկուսացած չլինեն հասարակությունից: Ես փորձում եմ ամեն օր մոտենալ իմ նպատակին:
- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին: Ինչպե՞ս խուսափել սխալներից և հասնել հաջողության:
- Սխալները ճանապարհի կեսն են: Չէ՞ որ մենք բոլորս էլ սխալվել ենք: Պետք է ընդունել մեզ այնպիսին, ինչպիսին մենք կանք: Եվ դրա համար ամենևին էլ պետք չէ լավ կրթություն կամ բարձր վարձատրվող աշխատանք ունենալ, կարելի է ուսանող լինել, բայց ունենալ սեփական տեսլականը և արժեքները: Դուք պետք է գտնեք ձեր գաղափարի համախոհներին, և դուք կկարողանաք առաջ տանել ձեր տեսլականն ու արժեքները: Պետք է ոչ միայն ապրել iphone-ի հետ ձեր փոքր աշխարհում, այլև հաղորդակցվել մարդկանց հետ: