Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի նախագիծ ներկայացրած կոնգրեսական Դեյվ Թրոթը Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում հույս է հայտնել, որ ոչ միայն Կոնգրեսը կընդունի իր օրենքի նախագիծը, այլև նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Նրա խոսքով, Թրամփն ավանդական քաղաքական գործիչ չէ, ու հայտարարությամբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Հույս ունեմ, նախագահ Թրամփը ճիշտ քայլ կկատարի և 102 տարի առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն կանվանի»:
Դոնալդ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին է խոսել նաև ազդեցիկ դեմոկտրատ կոնգրեսական Ադամ Շիֆը:
«Այս նախագահը որևէ խոստում չի տվել, նրա շուրջ դիվանագետներ և զինվորականներ չեն, որոնք կընդդիմանային Հայոց ցեղասպանության ճանաչմանը, և միգուցե դա կօգնի: Մենք պետք է համոզենք նրան, որ դա ճիշտ քայլ է, իսկ դա այդպես է, քանի որ մենք չենք կարող աշխարհի առաջատարը համարվել, եթե տարբերակենք, թե որ ցեղասպանությունները պիտի ճանաչենք, որոնք՝ ոչ», -ասել է Շիֆը: