Թուրքիայում նախագահի լիազորությունների ընդլայնմանը դեմ են միայն երկրի թշնամիները: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից առաջ Ստամբուլում տեղի ունեցած նախընտրական քարոզչության ընթացքում, փոխանցում է Թերթ.ամ` հղում կատարելով թուրքական diken.com.tr կայքին:
«Նրանք, ում 100 տարի առաջ ծովը նետեցինք, այ նրանք են հիմա «ոչ» ասում սահմանադրական փոփոխություններին: Ուզում են իրենց ձիերով վրաերթի ենթարկել «այո» ասողներին»,- ասել է Էրդողանը:
Խոսքը 1922-23թթ.-ին Թուրքիայում տեղի ունեցած քեմալական-ազգայնական շարժման մասին է, որի ժամանակ էլ, ըստ թուրքական պաշտոնական պատմագրության, թուրքերը Բոսֆորի ջրերն են նետել «գյավուրներին»՝ քրիստոնյա զավթիչներին:
1922-23թթ.-ի ազգայնական այդ շարժման ընթացքում Թուրքիայում իրականացվել է պոնտոսցի հույների ցեղասպանությունն, ինչպես նաև կոտորվել են Ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստան վերադարձած տասնյակ հազարավոր հայեր: