Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:
- Ի՞նչպես կգնահատեք Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: Ի՞նչպիսին է Թուրքիայի բնակչության վերաբերմունքն այդ փոփոխություններին:
- Չափազանց ակտիվ քարոզարշավ է ընթանում մինչ օրս, չնայած, որ ակնհայտ էր, որ այն վարչական ռեսուրսները, որոնց տիրապետում է գործող իշխանությունը, ամբողջովին ներդրված են նաև քարոզարշավի գործընթացում: Մյուս կողմից, չենք կարող ասել, որ ընդդիմությունը, կամ մասնավորապես «ոչ»-ի կողմնակից քաղաքական ուժերը, չեն կարողացել իրենց ձայնը հասանելի դարձնել ընտրածանգվածին, հասարակությանը:
Այդ փոփոխությունների հարցում հստակ մասնատվածություն, բավականին խորը բևեռացվածություն կա հասարակության մոտ: Հաշվի առնելով վերջին շրջանում անցկացված սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները՝ ակնհայտ է, որ մի շարք գործոններով պայմանավորված հասարակության այն հատվածը, որը կողմ չէր սահմանադրական բարեփոխումներին, ավելի մեծ կշիռ է ստանում: Այս հարցում մեծ դեր խաղաց մեկ անձի իշխանության հաստատման վտանգը:
Պետք է հաշվի առնել, որ այսօր քաղաքականությունը կառուցվում է մեկ անձի շուրջ, և այն հատվածին, որը չէր կողմնորոշվել, ընդդիմությունը կարողացավ որոշակիորեն համոզել, որ այդ փոփոխությունները տանում են մեկ անձի իշխանության, ինչը բավական վտանգավոր է Թուրքիայի համար: Բայց ես չեմ կարծում, որ հանրաքվեն կձախողվի, կարծում եմ այնուհանդերձ իշխանություններին կհաջողվի այս հանրաքվեով անցկացնել սահմանադրական փոփոխությունները՝ չնայած տարբեր փորձագետներ նշում են նաև տապալման հավանականությունը:
-Ի՞նչ դիրքորոշմամբ են հանդես գալու ազգային և կրոնական փոքրամասնությունները:
Որպես այդպիսին ազգային և կրոնական փոքրամասնություններն ընդգծված մոտեցում չունեն այս հարցում: Այդուհանդերձ, կարելի է նշել, որ լիբերալ, ազատական՝ այդ թվում նաև ազգային, կրոնական փոքրամասնությունների շրջանում ավելի հակված են դեպի «ոչ», որովհետև այս իշխանությունների նման գործելաոճի պարագայում ակնհայտ է, որ էլ ավելի մեծ ճնշումներ կլինեն վերջիններիս վրա: Այսինքն՝ իրավունքների առումով հասարակության այս հատվածը գտնվում է բավական անմխիթար վիճակում: Կարծում եմ, որ հանրաքվեի հաստատումից հետո այդ միտումներն էլ ավելի կխորանան: