Աշխարհում մահապատիժների թիվը 2016 թվականին նվազել է 37 տոկոսով՝ համեմատած 2015 թվականի հետ։ Այս մասին հայտնում է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը։
Անցած տարի իրագործվել է մահվան 1032 վճիռ, մինչդեռ դրանից մեկ տարի առաջ մահապատժի ենթարկվածների թիվը կազմել է 1634։ Մահապատիժների թվի նվազումը տեղի է ունեցել առաջին հերթին Իրանի ու Պակիստանի հաշվին, փոխանցում է BBC-ն:
Հաշվարկներում հաշվի չեն առնվել Չինաստանում մահապատժի վերաբերյալ ցուցանիշները, քանի որ այդ երկրի վերաբերյալ հստակ տվյալները բացակայում են։ Ենթադրվում է, որ Չինաստանում մահապատժի է ենթարկվել ավելի շատ թվով մարդ, քան մնացած բոլոր երկրներում միասին վերցրած։
2006 թվականից ի վեր առաջին անգամ առավել մեծ թվով մահապատիժներ ունեցող երկրների ցուցակի հնգյակում ԱՄՆ-ը չի հայտնվել։ Այժմ մահապատիժների թվով առաջատար են Չինաստանը, Իրանը (567 մահապատիժ), Սաուդյան Արաբիան (154), Իրաքը (88) և Պակիստանը (87)։
Ներկայում մահապատիժները չեղարկված են 104 երկրներում. 1997 թվականին նման երկրները 64-ն են եղել։