Կալիֆոռնիայի Սան-Բերնարդինո քաղաքի տարրական դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվել է երեք մարդ, հայտնում է Reuters-ը։ Վերջին տվյալներով՝ հիվանդանոցում մահացել է վիրավորված աշակերտներից մեկը։
Հրաձգությունն իրականացրել է 53-ամյա Սեդրիկ Անդերսոնը, ով դպրոց է մտել նախկին կնոջ հետ խոսելու նպատակով: Մտնելով դասասենյակ, որտեղ գտնվել է կինը աշակերտների հետ՝ տղամարդը հանել է ատրճանակը և կրակել կնոջ վրա, այնուհետև ինքնասպան է եղել: Ոստիկանությունում կարծում են, որ հանցագործը նպատակ չի ունեցել կրակել երեխաների վրա, սակայն աշակերտներից երկուսը, ովքեր կանգնած են եղել ուսուցչուհու մոտ պատահաբար հրազենային վնասվածքներ են ստացել: