«Մեծ յոթնյակ»-ի ԱԳ նախարարները, ինչպես նաև նրանց մերձավորարևելյան գործընկերները (Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Կատար, ԱՄԷ, Հորդանան) հանդիպել են Իտալիայում, որպեսզի միասնական դիրքորոշում որդեգրեն սիրիական հակամարտության և դրանում Ռուսաստանի դերի նկատմամբ: Ինչպես փոխանցում է BBC-ն, բրիտանական իշխանություններն ավելի վաղ առաջարկում էին Ռուսաստանի և Սիրիայի առանձին զինվորականների նկատմամբ պատժամիջոցներ սահմանել: Փորձագետների կարծիքով, սակայն Լոնդոնի առաջարկը չի ընդունվի. դրան ամենայն հավանականությամբ հավանություն չեն տա Գերմանիան և Իտալիան:
Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թելերսոնն ուղևորվել է Մոսկվա՝ ռուսաստանյան իշխանություններին համոզելու հրաժարվել Ասադին աջակցելուց:
Ռուսաստանի նկատմամբ սիրիական հակամարտության հարցում միջազգային ճնշումը մեծացել է այն բանից հետո, երբ ապստամբների վերահսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգում թունավոր նյութերի կիրառմամբ օդային հարված է հասցվել: