ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին և հետախուզության հարցերի հանձնաժողովների նախագահները և բարձրաստիճան անդամները` Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարության և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 գործընկերների հետ միասին կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատշաճ կերպով հիշատակել Հայոց ցեղասպանության տարելիցն իր ապրիլքսանչորսյան հայտարարությունում: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Նամակում կոչ է արվում «հիշատակել ապրիլի 24-ը որպես ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հիշատակի օր» և նշվում, որ «հիշատակելով Հայոց ցեղասպանությունը՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կանխելու ապագա վայրագությունները»:
«Մենք միանում ենք Կոնգրեսի անդամներին՝ նախագահ Թրամփին կոչ անելով մերժել Թուրքիայի լռեցնելու քաղաքականությունը և ընդունել Հայոց ցեղասպանության հարցում ազնիվ դիրքորոշում»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: