Վրաստանում գործող հայկական կազմակերպությունները դիմել են երկրի իշխանություններին՝ պահանջով, որպեսզի Վրաստանում սկսվի 1915-1923թ. հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման պաշտոնական քննարկումը, հաղորդում է Armenian-community.ge-ն:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«2017 թվականի ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության տարածքում, պետական մակարդակով ծրագրված հայ ազգի իր իսկ պատմական հայրենիքում ոչնչացման -Ցեղասպանության 102-րդ տարելիցը:
1915-1923թ.ին կատարված հանցագործության արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 000 000 իր որդիներին ու դուստրերին, իսկ Հայաստանի մեծ մասը գրավվեց հայ ժողովրդի կոտորածն իրականացնող թուրքական պետության կողմից:
1915-23թթ. Թուրքիայի կողմից կատարված հանցագործությունը գնահատվում է որպես Ցեղասպանություն` հանցագործություն մարդկության դեմ...
Այսօր 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչվել է, իսկ նրա կազմակերպիչ Թուրքիան դատապարտվել է ավելի քան 20 երկրների կողմից (Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Արգենտինա, Լիբանան, Նիդեռլանդներ, Ռուսաստան, Լեհաստան, Վատիկան և այլն): Հայ ժողովրդի հանդեպ Ցեղասպանության իրականացման փաստը ճանաչել է նաև ԱՄՆ-ի 50 նահանգներից 48-ը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մի ամբողջ շարք, այդ թվում նաև Եվրոպական Խորհրդարանը, Եվրախորհուրդը, Եվրոպական Ժողովրդական Կուսակցությունը և այլն:
Մենք ներքոստորագրյալ Վրաստանում գործող հայկական աշխարհիկ և հոգևոր կազմակերպություններս, հանուն արդարության և ժողովրդավարական արժեքների, կոչ ենք անում Ձեզ` միանալ համաշխարհային քաղաքակիրթ հանրությանը, հարգել Վրաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը և Վրաստանի Խորհրդարանում նախաձեռնել Օսմանյան Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչաման հարցի քննարկումը»: