Մեկ տարի առաջ Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ նախաձեռնել է 1994 թ զինադադարից ի վեր աննախադեպ մասշտաբներով հարձակում: Այս մասին ասել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը, հայտնում է Panorama.am-ը:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս ընդունել և ընթացք է տվել արցախցի քաղաքացիների կողմից ներկայացված քսաներեք դիմում-բողոքների, որոնց հարազատները ենթարկվել են դաժան խոշտանգումների և ապա սպանվել ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից։ Կասկած չկա, որ կանոնավոր զինված ուժերին բնորոշ վարքագծին հակասող այդ խոշտանգումներն Ալիևի վարչակարգի հայատյաց քաղաքականության հետևանքն են և հստակ հրահանգների արդյունք»,- նշել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։
Բարեկամության շրջանակը նշում է, որ նման գործողությունները միմիայն նպաստում են անվստահություն մթնոլորտի ամրապնդմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարի հետաձգմանը:
«Ահա թե ինչու նախապայմաններ պետք է հանդիսանան Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը և բանակցային սեղանի շուրջ նրա վերադարձը և ոչ թե Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանն ուղղված իրականացվող հիպոթետիկ միջոցառումները», - եզրափակել է Ֆրանսուա Ռոշբլուանը: