Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին

10:41     19 ապրիլի, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին Մալաքե Թաուսի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը, ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ: 

Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի՝ մենք կուտակել ենք համագործակցության, եղբայրության և համատեղ պայքարի հարուստ փորձ: Ներկա սերունդների պարտականությունն է այդ հարստությունը խնամքով փոխանցել հաջորդ սերունդներին:

Մեր ցավն ու ուրախությունը ընդհանուր են: Եվ այսօր մեծ ոգևորությամբ մենք միանում ենք ձեր ուրախությանը: Թող այս Նոր տարին Հայաստանի եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի: 

Մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ և ամենայն բարիք:

Շնորհավոր Մալաքե Թաուս»:


© armedia.am