Սև ծովում խորտակվել է «Արսենալի հերոսներ» կոչվող նավը, որն ընթանում էր Պանամայի դրոշով: Այդ մասին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Ղրիմի Հանրապետության հարցերով գլխավոր վարչությունը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Հացահատիկով բեռնված նավը Ռոստովի շրջանից ուղևորվելիս է եղել Թուրքիա: Նավում եղել է անձնակազմի 12 անդամ՝ երկու ռուս, ինը ուկրաինացի և Վրաստանի մեկ քաղաքացի:
Փրկարարական գործողության իրականացման վայր է անմիջապես ուղարկվել այդ շրջանում գտնվող մի քանի նավ: Որոնողական գործողությանը միացել է նաև «Դեմիդով» փրկարարական քարշակ նավը:
Նշվում է, որ որոնողական աշխատանքները բարդացնում են եղանակային պայմանները՝ 20 մ/վրկ արագությամբ հարավ-արևմտյան քամին և մինչև չորս բալ հասնող ծովի ալեկոծությունը: