Կորեական թերակղզու զարգացումները շարունակում են մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Լարվածությունը սրվեց, երբ Հյուսիսային Կորեան անցյալ կիրակի անհաջող մեկնարկեց բալիստիկ հրթիռ՝ ի պատասխան ամերիկյան նավատորմի ծովագնացություն դեպի Կորեական թերակղզի: Հյուսիսային Կորեայի հերթական սադրանքը երկրի հիմնադիր Կիմ Իլ Սունգի ծննդյան 105-ամյակին նվիրված տեսանյութն էր, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն անցնում Խաղաղ օվկիանոսով և ընկնում ամերիկյան քաղաքի վրա:
Այս ամենի ֆոնին դեռևս պարզ չէ, թե ինչ կլինի ԱՄՆ-ի պատասխանը: Այս առումով օգտակար կլինի վերանայել Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների մեկնաբանությունները տվյալ հարցի վերաբերյալ: Հարավային Կորեա կատարած իր այցի ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը մասնավորապես նշել է.
«Աշխարհը ականատես եղավ Թրամփի վճռականությանը անցած երկու շաբաթների ընթացքում, և տեսավ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը Սիրիայի ռազմաբազայի վրա, ինչպես նաև հզոր ոչ միջուկային ռումբի նետումը Իսլամական պետության վրա Աֆղանստանում: Հյուսիսային Կորեան լավ կանի չփորձի ԱՄՆ զինված ուժերի վճռականությունն այս տարածաշրջանում», - փոխանցում է Reuters-ը:
Բացի այդ, Փենսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հետ «ռազմավարական համբերության դարաշրջանն ավարտվել է», մի հայտարարություն, որը նախկինում արել էր ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Չինաստան կատարած այցի ժամանակ: Սակայն Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերն իր հերթին խնդրեց լրագրողներին չնույնականացնել ԱՄՆ-ի գործողությունները, մի կողմից, Սիրիայում, Աֆղանստանում, իսկ մյուս կողմից, Հյուսիսային Կորեայում: Փոխարենը նա նշեց.
«Ես կարծում եմ՝ դուք տեսնում եք, որ Չինաստանը և´ քաղաքականապես և´ տնտեսապես խաղում է շատ ավելի ակտիվ դեր Հյուսիսային Կորեայի նկատմամբ, և կարող է շարունակել ճնշում գործադրել արդյունքի հասնելու համար: Եվ մենք շարունակելու ենք կոչ անել Չինաստանին ցուցադրել իր ազդեցությունը տարածաշրջանում ավելի լավ արդյունքների հասնելու համար»: Իր հերթին արդեն Ճապոնիայում, ԱՄՆ-ի փոխնախագահը խոսեց նաև Հյուսիսային Կորեայի դեմ իրականացվելիք տնտեսական և դիվանագիտական քայլերի շուրջ՝ տարածաշրջանում իր գործընկերոջ և Չինաստանի համագործակցությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս կարևորել է Չինաստանի հետ համագործակցությունն այդ հարցում: Նա, մասնավորապես, նշել է. «Ինչու եմ ես անվանում Չինաստանին արժութային մանիպուլյատոր, երբ նրանք աշխատում են մեզ հետ Հյուսիսային Կորեայի խնդրի շուրջ. Կտեսնենք, թե ինչ կլինի:»
Դատելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների մեկնաբանություններից՝ կարող ենք տեսնել, որ առնվազն այս փուլում նրանք կոշտ հռետորաբանություն են կիրառում: Սակայն ինչ վերաբերում է կոնկրետ գործողություններին, եթե չլինեն չնախատեսված, անսպասելի զարգացումներ, ապա ԱՄՆ-ն ավելի շատ հակված է դիվանագիտական և տնտեսական գործողությունների դիմելու, որոնք պետք է կիրառվեն տարածաշրջանում իրենց դաշնակիցների հետ սերտ համագործակցության և Չինաստանի հետ համաձայնության հիման վրա: