Դոնալդ Թրամփի հաղթանակի նպատակով ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու ծրագիրը կազմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին կողմից վերահսկվող Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ գործող և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին:
Աղբյուրները հիմնվում են ռուսական ինստիտուտի երկու գաղտնի փաստաթղթերի վրա, որոնք հիմք ընդունելով, ԱՄՆ հետախուզական ծառայությունը նման եզրահանգման է եկել: Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ առաջին փաստաթուղթը Կրեմլին խորհուրդ է տվել քարոզչական գործունեություն սկսել սոցցանցերում և պետական ԶԼՄ-ներում:
Երկրորդ փաստաթղթում ասվել է, որ ընտրություններում, ըստ ամենայնի, կհաղթի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը: Այդ իսկ պատճառով փատաթուղթը խորհուրդ է տվել դադարեցնել քարոզը հօգուտ Թրամփի և փոխարենը ընտրություններում կեղծիքների մասին լուրեր տարծել՝ Քլինթոնի հեղինակությանը վնասելու նպատակով: