Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչներ» է անվանել Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ժամանակ առաքելություն իրականացրած ԵԱՀԿ դիտորդական խմբի անդամներին:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Diken.com» լրատվական կայքին «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ որպես իր ասածի «հիմնավորում»` Էրդողանը նշել է, որ ԵԱՀԿ ներկայացուցիչներից մեկը ելույթի ժամանակ ձեռքին պահել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դրոշը:
«Դրանք հանրաքվեն վերահսկելու համար ԵԱՀԿ-ի կողմից լիազորված ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչներ են»,- մասնավորապես ասել է Էրդողանը:
Էրդողանն անդրադարձել է նաև սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացրած զեկույցին:
«Ինչպե՞ս կարող է ՔԲԿ-ի դրոշը ձեռքը վերցնող մարդը անկախ լինել: Այդ մարդը որպես ահաբեկիչ այստեղ ռեպորտաժ է պատրաստում: Ինչպե՞ս կարող է նրա կազմած զեկույցը անկախ լինել»,- ասել է Էրդողանը: