Արցախի ֆուտբոլի ասոցիացիան երկարատև պայքար է սկսել ՈւԵՖԱ-ի կողմից արդեն 30 տարի պատերազմի ստվերում ապրող տարածաշրջանի ճանաչման համար, գրում է The Independent-ը «Ֆուտբոլը և հույսը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում. մոռացված տարածաշրջանը պայքարում է ՖԻՖԱ-ի պատժամիջոցների դեմ» վերնագրով հոդվածում:
«Մի օր Արցախի ազգային թիմը կմասնակցի Աշխարհի գավաթին և Եվրոպայի առաջնությանը: Վաղ թե ուշ Ադրբեջանը կճանաչի Արցախի անկախությունը և մենք կմասնակցենք ոչ միայն ֆուտբոլին, այլև միջազգային կյանքի բոլոր ասպեկտներին», - բրիտանական հեղինակավոր պարբերականի հետ զրույցում նշել է Արցախի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը:
The Independent-yը հիշեցնում է, որ ՈւԵՖԱ-ի հետ քննարկումները Արցախի ֆուտբոլի ասոցիացիայի անդամակցության շուրջ սկսվել են 2016 թվականի նոյեմբերին. մինչև 2016 թվականը Արցախում չկար կազմակերպված ֆուտբոլ: Նշվում է, որ միակ պաշտոնական ֆուտբոլային ակումբը՝ «Արցախ»-ը հինադրվել է այդ նույն թվականի մարտին: «Մենք մի շարք ընկերական հանդիպումներ ենք ունեցել Հայաստանից, երբեմն էլ Վրաստանից թիմերի հետ: Սակայն մենք երբեք մրցակցային խաղեր չենք ունեցել: Դա անհնար է մեզ համար», - The Independent-ի հետ զրույցում նշել է ՈւԵՖԱ-ի լիցենզավորված մարզիչ Սլավա Գաբրիելյանը: