Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում ապրիլի 22–ին «Շաբաթ օրվա մայրերը» հարգել են 1915–ի Ցեղասպանության ժամանակ զոհ գնացած մտավորականների հիշատակը։
Ինչպես փոխանցում է News.am-ը` հղում կատարելով թուրքական Evrensel–ին Գալաթասարայի հրապարակում հավաքված «Շաբաթ օրվա մայրերը» ձեռքներին պահել են 1915–ին կոտորված հայ մտավորականների ու իրենց կորցրած որդիների նկարները՝ դատապարտելով պետության կողմից իրականացվող կոտորածները։
1980-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջումից հետո ավելի քան 2000 մարդ է անհետ կորել: Նմանատիպ դեպքերն իրենց գագաթնակետին են հասել 1990-ական թվականներին` Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) և թուրքական անվտանգության ուժերի միջև երեք տասնամյակ ընթացող հակամարտության ամենից լարված ժամանակահատվածում: Ներկայումս անհետ կորածների հարցով հետաքննությունները դադարեցված են և ոչ մի տեղեկատվություն չի տրամադրվում նրանց մասին: Ժամանակ առ ժամանակ մահացածների դիեր են հայտնաբերվում:
Նշենք, որ իրենց հարազատներին անհայտ հանգամանքներում կորցրած մայրերը 1995–ի մայիսի 27–ից պարբերաբար շաբաթ օրերը ակցիաներ են իրականացնում Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում՝ պահանջելով բացահայտել իրենց որդիների սպանության գործում մեղավորներին։