Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը կտևի մինչև ապրիլի 28-ը։ Ուշադրության կենտրոնում Թուրքիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակն է, ԵԽԽՎ ներսում կոռուպցիոն սկանդալները և այլ թեմաներ։
ԵԽԽՎ-ում ելույթ կունենան Իսպանիայի թագավորն ու Հունաստանի նախագահը։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը կներկայացնի 2016թ․-ի իր տարեկան զեկույցը։ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կպատասխանի խորհրդարանականների հարցերին։ ԵԽԽՎ-ում ելույթ կունենա ու հարցերի կպատասխանի Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսը՝ ԵԽ-ում Կիպրոսի նախագահության շրջանակներում։
ԵԽԽՎ այս նստաշրջանի ուշադրության կենտրոնում կլինի «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» զեկույցի քննարկումը, որը նախատեսված է ապրիլի 25-ին, հայտնում է Panorama.am-ը։
Զեկույցը վերաբերում է երկրում արտակարգ իրավիճակի շարունակմանը, խորհրդարանականների ու լրագրողների ձերբակալություններին, խոսքի ու ԶԼՄ-ների ազատության կրկնվող խախտումներին։ Թուրքիայում տեղի ունեցող այս ողջ բացասական զարգացումների լույսի ներքո կոչ է արվում ԵԽԽՎ-ին՝ Թուրքիային հետ-մոնիտորինգային ընթացակարգից վերադարձնել մոնիտորինգի տակ, ինչն իսկապես հետընթաց կլինի Թուրքիայի համար։
ԵԽԽՎ այս նստաշրջանում առանցքային քննարկվող թեմաներից է լինելու նաև ԵԽԽՎ պատգամավորներին ուղղված կոռուպցիայի պնդումները, որը քննարկվելու է բյուրոյի նիստում։ Այս հարցը ներառված չէ նստաշրջանի օրակարգում, որիառաջարկով հանդես էին 56 միջազգային ՀԿ-ներ։
Այս թեմայով ԵԽԽՎ շրջանակներում առանձին քննարկում են նախատեսել հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմցիգն ու գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն, որին ներկա է լինելու նաև «Խավիարային դիվանագիտությունը» հեղինակած «Եվրոպական կայունության նախաձեռնության տնօրեն Ջերալդ Կնաուսն ու «Amnesty International»-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով տնօերն Ջոն Դալհուիսենը։