Երուսաղեմի արխիվում հայտնաբերվել է կորսված ապացույց, որը հետազոտողներն անվանել են «ծխացող ատրճանակ»՝ 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց: Այս մասին հայտնում է Իսրայելական The Jerusalem Post թերթը:
The New York Times-ի փոխանցմամբ` Մասաչուսեթսի Քլարկ համալսարանի թուրք հետազոտող Թաներ Աքչամի մոտ է հայտնվել ռազմական դատարանի դատավարություններից մի հեռագրի բնօրինակ, որում դատապարտվել էին Հայոց ցեղասպանության ծրագրողները։ Այս հիմնական ապացույցը վաղուց անհետացած է եղել, և հենց փաստաթղթերի բնօրինակների բացակայությունն է պատճառ հանդիսանում, որ ներկայիս Թուրքիան շարունակում է Ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականություն վարել:
«Մինչ այժմ անհերքելի ապացույցներ չունեինք։ Սակայն սա «ծխացող ատրճանակ է»»,- The New York Times-ին է ասել Աքչամը։
Կոդավորված հեռագիրը օսմանյան բարձրաստիճան պաշտոնյա Բեհաէդդին Շաքիրից է` ուղղված իր գործընկերոջը: Հեռագրում նա ցանկանում է մանրամասներ ճշտել արևելյան Անատոլիայում հայերի տեղահանումների ու սպանությունների վերաբերյալ։ Այս հեռագրի պատճենն օգտագործվել էր Շաքիրի դատավարության նպատակով, որից անմիջապես հետո գրեթե բոլոր փաստաթղթերի և վկայությունների բնօրինակներն անհետացել էին՝ գիտնականներին ստիպելով թեմայի շուրջ իրենց հետազոտությունները կատարել` հիմնվելով երկրորդական աղբյուրների վրա:
Times-ի փոխանցմամբ` 1922-ին, երբ կայսրության վերահսկողությունն անցավ թուրք ազգայնականների ձեռքը, Ստամբուլի հայ ղեկավարները 24 արկղ փաստաթղթեր են ուղարկել Անգլիա։ Այնուհետև այդ փաստաթղթերը մի եկեղեցականի խնամքի տակ տեղափոխվել են Ֆրանսիա, ապա ի վերջո հայտնվել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի արխիվում, որտեղ էլ դրանք պահվել են 1930-ից մինչ այսօր և անհասանելի են մնացել գիտնականների համար «ոչ լիովին պարզ պատճառներով»։
Նյու Յորքում հեռագրի բնօրինակի լուսանկարները Աքչամին է փոխանցվել հայ մահացած վանականի եղբորորդու կողմից։