Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի դիրքորոշման մեղմացումը ձեռնտու կլիներ բոլորին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ Ցեղասպանության 102-րդ տարելիցի նախաշեմին` պատասխանելով РУСАРМИНФО-ի լրագրողի հարցերին:
«Ինձ հասկանալի չէ, թե ինչու են թուրքերն այդպես սևեռվել այդ հարցի վրա: Վաղուց կարող էին մեղմել իրենց դիրքորոշումը, առավել ևս, որ դժվար է հերքել Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների, նախևառաջ՝ հայերի սպանությունը: Եթե Անկարան մեղմեր դիրքորոշումը, վաղուց կկայանար Հայաստանի հետ լավ հարաբերությունների վերականգնումը, չէ՞ որ դա բոլորին է ձեռնտու. Հայաստանի համար դա թուրքական երկաթուղային ճանապարհներով Եվրոպայի հետ ուղիղ կապ կհաստատեր: Այսինքն՝ շահավետ է զուտ կոմերցիոն տեսանկյունից»,- ասել է Ժիրինովսկին:
Քաղաքական գործչի կարծիքով՝ երկու ժողովուրդների հաշտեցման հարցին հարկավոր է մոտենալ աստիճանաբար, և Անկարայի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցին նախորդում են մի շարք այլ նախաձեռնություններ:
«Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունը, օրինակ, 2015 թվականին Պետդումային առաջարկել է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ցեղասպանության ճանաչման մասին որոշում ընդունել: Մենք չկարողացանք անցկացնել այն. խորհրդարանական մեծամասնությունը մեզ չաջակցեց: Սակայն այդ ճանապարհով է հարկավոր գլոբալ առումով մոտենալ Հայոց ցեղասպանության հարցին: Եկեք միջազգային մակարդակով դատապարտենք ցանկացած ցեղասպանություն: Այդ ժամանակ թուրքերին ավելի հեշտ կլինի ժամանակի հետ խոստովանել հայերին սպանած իրենց զինվորականների սխալները»,- ասել է Ժիրինովսկին: