Ադրբեջանական կողմը պարզապես փորձում է «վատ խաղի ժամանակ դեմքի լավ արտահայտություն ընդունել», բայց դա էլ նրանց մոտ չի ստացվում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Հանրային հեռուստաընկերության Օրակարգ ծրագրի եթերում անդրադառնալով Բաքվի այն պնդումների, որ իբրև Հայաստանը խուսափում է բանակցություններից, բայց ստիպված կլինի վերադառնալ բանակցային սեղանին։ «Հայտնի է, որ Հայաստանը միշտ եղել է և մնում է բանակցությունների կողմնակից։ Հանրահայտ է նաև, որ հենց Ադրբեջանն է, որ մշտապես փորձում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քննարկումները տեղափոխել այլ հարթակներ` փորձելով խուսափել բանակցություններից, հրաժարվել հանդիպումներից, որոնք կազմակերպվում են համաձայնեցված ձևաչափում եռանախագահների հովանու ներքո` բարդելով դա հայկական կողմի վրա:
Միգուցե այդ շինծու պնդումները անելուց առաջ Ադրբեջանը պետք է փորձի բացատրել, թե ինչպես է ստացվում, որ եթե հայկական կողմն է հրաժարվում այդ հանդիպումներից, ինչու դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները չի կատարում հենց Բաքուն, ինչի ականատեսը եղանք անցյալ տարի Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների հետ:
Ադրբեջանը միշտ փորձում է հրաժարվել անգամ մինիմալ համաձայնեցված քայլերի իրականացումից, դրա հետ մեկտեղ պահանջում է առավելագույնը, մաքսիմալիստական ինչ-ինչ պահանջներով է հանդես գալիս։ Բոլորի մոտ հաստատվում է այն տպավորությունը, որ Ադրբեջանը ունակ չէ բանակցելու: Բայց, չնայած Ադրբեջանի՝ հանդիպումներից հրաժարվելու փորձերին, ինչին վերջերս ականատես եղանք Մյունխենում, դրանից առաջ Համբուրգում, Հայաստանը միշտ եղել ու մնում է բանակցություններին կողմնակից, որովհետև բանակցային գործընթացին այլընտրանք չկա», - նշել է Նալբանդյանը:
Անդրադառնալով մամուլում առկա տեղեկություններին, որ ապրիլի 27-ին սպասվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ Նալբանդյանը նշել է, որ «կա ընդհանուր ըմբռնում, որ այդպիսի հանդիպում է պետք կազմակերպել: Երբ լինի վերջնական համաձայնությունը, երբ ժամկետները ճշտվեն, մենք դրա մասին կհայտնենք»: