Ինչո՞վ էր տարբերվում Էրդողանի՝ հայությանն ուղղված այս տարվա ցավակցական ուղերձը

13:34     26 ապրիլի, 2017

Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ին հանդես եկավ հայ ժողովրդին հասցեագրված ուղերձով՝  ցավակցություն հայտնելով «Առաջին համաշխարհային պատերազմի դժվար պայմաններում կյանքից հեռացած օսմանյան հայերի» ժառանգներին: Սակայն, ի տարբերություն նախորդ երկու նման ուղերձներին, այս տարի Էրդողանը իր ուղերձում շեշտը դրել է Թուրքիայի հայազգի քաղաքացիների վրա՝ ընդգծելով նրան ունեցած մեծ դերակատարումը Թուրքիայի հասարակական, քաղաքական, առևտրային կյանքի բոլոր ոլորտներում: «Հայ համայնքը, ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ Թուրքիայի Հանրապետության գրեթե 100-ամյա պատմության ընթացքում արժանի զավակներ դաստիարակելով, մեծ ներդրում է ունեցել մեր երկրի զարգացման գործում։ Ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում հայերը, որպես մեր երկրի հավասար և ազատ քաղաքացիներ, սոցիալական, քաղաքական և առևտրատնտեսական կյանքի բոլոր ոլորտներում կարևոր դերակատարում ունեն։

Մեր երկրում հայ համայնքի խաղաղությունը, անվտանգությունը և երջանկությունը մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի։ Մենք չենք հանդուրժի մեր հայ քաղաքացիներից որևէ մեկի օտարացումը, մեկուսացումը կամ խորթ քաղաքացու լինելու զգացողությունը», - նշել է էրդողանը:

Ինչպես և նախկնում, Էրդողանը շարունակում է իր ժխտողական մոտեցումը՝ Ցեղասպանությունը ներակայացնելով որպես Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած միջադեպեր:  Էրդողանը փորձում է միջազգային հանրության առավել ընդգծված ձևով ցույց տալ, որ հայ-թուրքական ոչ բարեկամական հարաբերություններում «մեղավոր» է հայկական կողմը, միևնույն ժամանակ  ցույց տալով, որ Թուրքիան ուշադիր է իր ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ:

Նշենք, որ ի տարբերություն Էրդողանի, ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր ապրիլքսանչորսյան ուղերձում «օրիգինալ» չգտնվեց՝ օգտագործելով նախորդ Բարաք Օբամայի կողմից կիրառվող «Մեծ Եղեռն» եզրույթը։

Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններով հանդես եկան նաև Կիպրոսի և Ֆրանսիայի նախագահներ Նիկոս Անաստասիադեսը և Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև Լիբանանի ԱԳ նախարարը:


© armedia.am